ՌԴ–ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ռուսաստանի գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում ու Սիրիայում տիրող իրավիճակը։

Ինչպես հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Աքարն ու Շոյգուն ընդգծել են հրատապ հրադադարի կարևորությունը` հետագա մարդկային զոհերը կանխելու, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն վերականգնելու համար։ Գոհունակությամբ նշվել է հրադադարի հարցում կողմերի ընդհանուր ըմբռնումը։

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև պարենային գործարքը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդի դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման հարցում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, սակայն հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։