Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին շաբաթվա կարևոր իրադարձությունները. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին շաբաթվա՝ 30.09-07.10.2022, կարևոր իրադարձությունները:

Ռազմական իրադրություն

  • Շոտլանդիայի Քլայդ ռազմաբազայում տեղի է ունեցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի կազմում Sandown տիպի երկու բրիտանական ականազերծիչ նավերի՝ «Չերկասսի» և «Չերնիգովի» ընդունման արարողությունը:
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակը որոշում է կայացրել ուժեղացնել հարձակումը Դոնբասում և ճեղքում կազմակերպել Լուգանսկում։
  • Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով զինվորականներին, հայտնում են, որ իրանական Shahed-136 կամիկաձե անօդաչու սարքերը, որոնք ՌԴ ԶՈՒ-ն օգտագործում է Ուկրաինայում «Герань-2» նշումով, շատ վատ են ենթարկվում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությանը այն պատճառով, որ դրանցում օգտագործվում են ամերիկյան ընկերությունների միկրոսխեմաներ:
  • Հոկտեմբերի 1-ին Նիկոլաևի օդային տարածքում խփվել է Ուկրաինայի օդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը։
  • Ֆրանսիան որոշում է կայացրել Դանիայի համար պատրաստված 12 միավոր CAESAR ինքնագնաց հրետանային կայանքները հանձնել Ուկրաինային։
  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ երկար դադարից հետո առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի անվտանգության ծառայության օբյեկտներին։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ավելի քան 35 աշխատակիցներ, այդ թվում՝ օտարերկրյա խորհրդականներ, զոհվել են Դնեպրոպետրովսկում սեպտեմբերի 29-ին անվտանգության ծառայության վարչության շենքին հասցված հարվածի հետևանքով
  • Թուրքիայում ջուրն է իջեցվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Գետման Իվան Մազեպա» ADA դասի առաջին կորվետը։
  • Ավելի քան 1,22 մլն եվրո է հավաքվել Չեխիայում՝ Ուկրաինայի համար T-72 Avenger մարտական տանկ գնելու համար։
  • Հոկտեմբերի 5-ի գիշերը առնվազն երկու հրթիռային հարված է հասցվել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Խմելնիցկի շրջանի թիրախներին։
  • ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողները սկսում են ժամանել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտի։
  • Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ իրանական անօդաչու սարքերը, որոնք Ռուսաստանը օգտագործում է իր գործողությունների ընթացքում, մեծ վտանգ են ներկայացնում ուկրաինական ԶՈւ-ի համար և դրանց «հակաթույն» դեռ չի հայտնաբերվել:
  • Նիկոլաևի իշխանությունները հայտնել են, որ Խերսոնի շրջանում շփման գիծը կայունացել է, Նիկոլաևի կողմից Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները չեն փոխվել։
  • Ռուսական կողմի մոտ գերության մեջ շարունակում են մնալ Մարիուպոլից շուրջ 2500 զինծառայողներ, որոնցից 700-ը «Ազովի» անդամներ։ Ուկրաինական ԶԼՄ-ներում շրջանառվում է տեղեկատվություն, ըստ որի ռուսական գերության մեջ նշված թվից առնվազն երկու անգամ ավելի շատ ռազմական և Ուկրաինայի ռազմականացված այլ կազմավորումների անդամներ են պահվում:
  • Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուրբաթ օրը՝ հեկտեմբերի 7-ին, հզոր հրթիռային հարված է սպասում Ուկրաինայի տարածքին։
  • ՌԴ ՊՆ-ի տվյալներով Ուկրաինայի ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 315 ինքնաթիռ, 157 ուղղաթիռ, 2160 ԱԹՍ, 379 ԶՀՀ, 5412 տանկեր և այլ զրահամեքենաներ, 862 ՀԿՌՀ, 3452 հրետանային միջոցներ, 6316 հատուկ զինվորական մեքենաներ։
  • Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է, որ հակառակորդը գնդակոծում է ուկրաինական դիրքերը բախման գծի երկայնքով, հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տներին։ Պահպանվում է ամբողջ Ուկրաինայում ավիացիայի և հրթիռային հարվածների սպառնալիքը։ Պաշտպանության ուժերի ավիացիան 23 հարված է հասցրել։ ՀՕՊ ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խոցել են հակառակորդի ավելի քան 20 անօդաչու թռչող սարք։ Նրանց թվում են 5 «Օրլան-10», 15 «Շահեդ-136» և 1 «Մոհաջեր-6»։ Հրթիռային զորքերն ու հրետանին անցած օրվա ընթացքում խոցել են կենդանի ուժի 5 օջախ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, հակաօդային պաշտպանության 5 դիրք, 2 հրետանային մեքենա, զինամթերքի պահեստ և տրանսպորտ։

Բանակցային գործընթաց

  • Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննա Լենա Բերբեկը հայտարարել է, որ ներկայումս շանսեր չկան, որ բանակցությունները վերջ կդնեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, որում արձանագրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինությունը և Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը:
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակովը կարծում է, որ պատերազմի ավարտի միակ ձևաչափը Ռուսաստանը պետք է պարտվի, իսկ Ուկրաինան ՝ շահի, Այսինքն ՝ ամբողջությամբ վերադարձնի իր տարածքները։
  • «Մենք չպետք է ենթարկվենք նրանց, ովքեր ցանկանում են համաձայնագիր կնքել՝ վաճառելով ուկրաինական տարածքը։ Նրանք առաջարկում են ուկրաինացիների կյանքով վճարել խաղաղության պատրանքի համար։ Ուկրաինան կարող է հաղթել, Ուկրաինան պետք է հաղթի, Ուկրաինան կհաղթի»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը։
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանն ընդգծել է, որ ինքը միակ առաջնորդն է, որը բաց երկխոսություն է վարում և Ռուսաստանի, և Ուկրաինայի հետ։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների համար պետք է սպասել երկրի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու կամ արդեն նրա հետնորդի դիրքորոշման փոփոխությանը։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի հովանավոր երկրների պաշտպանության նախարարների առաջիկա գագաթնաժողովի ընթացքում Արևմուտքին կխնդրի մարտական տանկերի և ՀՕՊ-ի մատակարարումներ իրականացնել՝ հարձակման զարգացման համար:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է, որ Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում արագացված կարգով:
  • «ՆԱՏՕ-ի դռները միշտ բաց են շատ դաշնակիցների համար, մենք աջակցում ենք Ուկրաինայի իրավունքներին և սեփական ճանապարհով նրա իրացմանը։ Բայց նման որոշումները (ՆԱՏՕ-ին անդամակցելը) ընդունվում են դաշնակից երկրներից յուրաքանչյուրի կողմից և այժմ օրակարգում է Ուկրաինային անհապաղ աջակցություն ապահովելը։ ՆԱՏՕ-ն հակամարտության մասնակից չէ։ Մենք պաշտպանական միություն ենք։ ՆԱՏՕ-ն չի ճանաչում չորս սուբյեկտների մուտքը Ռուսաստանի կազմ։ Մենք Ուկրաինային այնքան ժամանակ կաջակցենք, որքան դա կպահանջվի»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների ամենամյա աշնանային զորակոչը անցկացնելու մասին: ՌԴ ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ժամկետային զինծառայողներին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտի չեն ուղարկի:
  • Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը ողջունել է Կիևի ընտրությունը, սակայն նշել է դաշինքի բոլոր 30 երկրների հետ այդ «հայտի» քննարկման անհրաժեշտությունը: Ուկրաինայի ներկայիս իրավիճակը նույնպես պետք է հաշվի առնվի։
  • ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը պաշտոնապես պաշտպանել են Դաշինքի երեք տասնյակ անդամներից միայն 9 եվրոպական երկրներ՝ Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան։
  • Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարները պայմանագիր են ստորագրել այդ շրջանները Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին:
  • Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը հայտնել է, որ Աստանան չի ճանաչում նոր տարածքների մուտքը Ռուսաստանի կազմ, Ուստի ՀԱՊԿ ուժերի ներգրավման դեպքում չի մասնակցի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին: Պաշտոնյայի խոսքով՝ ՀԱՊԿ երկրները միմյանց սահմանները ճանաչում են խիստ ուրվագծված շրջանակներում։
  • G7-ի առաջնորդները հայտարարել են, որ չեն ճանաչի Ուկրաինայի օկուպացված շրջաններում հանրաքվեների արդյունքները։
  • Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը մասնակցում է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը, սակայն իր զինվորականներին չի ուղարկում։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ավստրալիայի Լոուի ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ ՆԱՏՕ-ին կոչ է արել միջուկային հարված հասցնել Ռուսաստանին: «Ինչ պետք է անի ՆԱՏՕ-ն՝ բացառել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Պետք են կանխարգելիչ հարվածներ»։
  • Իսպանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինային է փոխանցվել 8 միավոր թեթև զրահամեքենա, երկու բժշկական մեքենա և 5 տոննա դեղորայք։
  • Հոկտեմբերի 10-ին և 11-ին Մոսկվայում տեղի կունենա ԱԹՍ-ների կառավարման հմտությունների ուսուցման պարապմունքներ, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում խնդիրների կատարման համատեքստում:

Ներքին զարգացումներ

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով չեղյալ է հայտարարել աշնանային զորակոչի անցկացումը, ինչպես նաև չեղյալ է հայտարարել արդեն զորակոչված ժամկետային զինծառայողների զորացրումը:
  • Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Կիևին 24 անգամ տեղի ունեցած գերիների փոխանակման արդյունքում ուկրաինական կողմին է փոխանցվել 808 մարդ: Իսկ ռուսական կողմին փոխանցված մարդկանց թվի մասին ճշգրիտ տվյալներ չկան։
  • Ուկրաինացի ուսանողները իշխանություններից պահանջում են թույլատրել մեկնել արտասահման՝ օտարերկրյա բուհերում ուսումը շարունակելու համար։ Ավելի վաղ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ մինչև մարտական գործողությունների ավարտը արտասահմանում սովորելու համար ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ելքը արգելվում է։
  • Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 98 մլրդ դոլարը։
  • Դոնեցկի և Լուգանսկի անջատական կազմավորումների ռուսամետ իշխանությունների որոշմամբ սեպտեմբերի 24-ից 27-ը տեղի է ունեցել «հանրաքվեներ» Ռուսաստանին միանալու հարցով:

Միջազգային մամուլի անդրադարձ

  • «Politico» պարբերականը գրել է, որ Կիևի՝ ՆԱՏՕ-ին արագացված ռեժիմով անդամակցելու հայտն անսպասելի էր Բայդենի վարչակազմի համար։ Արևմուտքը մտավախություն ունի, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անհապաղ անդամակցությունը, որի համար պահանջվում է բոլոր 30 անդամ երկրների հավանությունը, կհանգեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի։
  • «Reuters» գործակալությունը գրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի ևս չորս HIMARS հրթիռային համալիր՝ 625 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում:
  • «The Wall Street Journal» պարբերականը գրել է. «Բայդենի վարչակազմը պետք է հիշի, որ Վլադիմիր Պուտինի համար Ուկրաինայում մղվող մարտերը ամերիկացիների գլխավորած համաշխարհային կարգի դեմ գլոբալ պատերազմի մի մասն է»։
  • «The Hill» պարբերականը գրել է, որ Ավստրիան պատրաստ է իր երկրի տարածքում բանակցություններ կազմակերպել Ուկրաինայում ապաԷսկալացման շուրջ, ինչպես նաև պահպանել Ռուսաստանի հետ կապի ուղիները:
  • «Le Figaro» պարբերականը գրել է, որ Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչության (DGSE, արտաքին հետախուզություն) շուրջ 50 աշխատակիցներ Ուկրաինա են ուղարկվել ՌԴ ԶՈւ-ի ռազմական գործողությունների սկսելուց ի վեր:
  • «The New York Times» պարբերականը անդրադառնալով Ուկրաինային զենք մատակարարելու թեմային նշել է, որ ԱՄՆ-ը տասնյակ անգամ մասնավոր արտահանողների միջոցով Ուկրաինային զենքի վաճառքի ծավալները գնալով ավելացրել է փետրվարի 24-ից սկսած՝ գործարքների համաձայնեցման ժամանակահատվածը շաբաթից հասցնելով մի քանի ժամվա: