Ադրբեջանը հաստատում է 17 հայ զինծառայողի գերեվարումը, սակայն մանրամասներ չի հայտնում ՄԻԵԴ-ին
Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի մասով այս պահին ընթանում են աշխատանքներ. քանի որ այս պահի դրությամբ մեր գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվից պահանջել է մանրամասն տեղեկություններ տրամադրել բանտարկյալների մասին՝ բժշկական զննության ապացույցներ և այլ տվյալներ, սակայն ադրբեջանական կողմը տրամադրել է անորոշ տեղեկություն»:
Դիանա Քարազյանի խոսքով, ռազմագերիները, որոնք հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ սկսած սեպտեմբերի 13-ից, կառավարության անունից միջպետական գանգատների շրջանակներում այդ ապացույցները ներկայացվել են Եվրոպական դատարան: «Ցավոք սրտի, Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը հենց դատարանը պահանջել է: Շատ ընդհանուր տեղեկություն են ներկայացնում: Այս պահի դրությամբ Ադրբեջանը զուտ հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի: Նրանց մասին ներկայացրել է շատ ընդհանուր տեղեկատվություն, թեև դատարանը պահանջել էր, որ ավելի մանրամասն տեղեկություն տրամադրի, այդ թվում նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, արդյոք նրանք բժշկական հետազոտությունների ենթարկվել են, թե ոչ; Մեզ համար նորություն չէ Ադրբեջանի նման վարքագիծը»,-ասաց նա:

