Միայն պայքարողի համար է դուռ բացվում․ Տեր-Պետրոսյանը նման մոտեցում էլ ունեցել է 1992-ին․ Ռոբերտ Քոչարյան
Այո՛, կան բազմաթիվ խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ուղղակի հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք կան Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումներին, թե կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է՝ անկախ այն բանից, թե ով կգա իշխանության։
«Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է, և նա մոտավորապես նման մոտեցում էլ ունեցել է 1992 թվականին։ Ես ի՞նչ ասեմ։ Ես երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ։ Միայն պայքարողի համար է դուռ բացվում։ Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականներին։ Այո՛, վիճակը ծանր է։ Տեսակի հարց է։ Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- նշեց երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը չբացահայտեց Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահների ու Վեհափառի մասնակցությամբ հանդիպման մանրամասները, սակայն նշեց, որ իր ներածական խոսքից հնարավոր էր հասկանալ, թե ինչ առաջարկով է հանդես եկել ինքը։

