Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Ռուսաստանում կհայտարարվի մասնակի զորահավաք։ Նա այս հայտարարությունն արել է ռուսաստանցիներին հղած ուղերձում, որը ցուցադրվել է սեպտեմբերի 21-ի առավոտյան։

«Մեր հայրենիքի և նրա ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ եմ համարում մասնակի զորահավաքի հայտարարումը»,- ասել է նախագահը։

Զինակոչի ենթակա կլինեն միայն այն քաղաքացիները, որոնք պահեստում են և, նախ և առաջ, նրանք, որոնք ծառայել են զինված ուժերի շարքերում, ունեն որոշակի զինվորական-հաշվառման մասնագիտություններ և համապատասխան փորձ։ Զինծառայության կոչվածները զորամասեր մեկնելուց առաջ պարտադիր լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։

Ինչպես նշել է Պուտինը քաղաքացիներին հղած իր ուղերձում, մասնակի զորահավաքի միջոցն ընդունվել է Ռուսաստանի, նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության և ռուսաստանցի ժողովրդի անվտանգության ապահովման համար։

«Պաշտպանական ձեռնարկությունների նյութական, ռեսուրսային և ֆինանսական ապահովման բոլոր հարցերն անահապաղ պետք է լուծվեն կառավարության կողմից»,- կարգադրել է Պուտինը։

Պետության ղեկավարը հիշեցրել է Արևմուտքի բացահայտ հակառուսական քաղաքականության և երկիրը ոչնչացնելու Վաշինգտոնի և Բրյուսելի ձգտման մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանն իր պաշտպանության համար կօգտագործի գոյություն ունեցող բոլոր միջոցները։

Նախօրեին Պետդուման ընդունել էր փոփոխություններ, որոնք պարզեցնում են այն օտարերկրացիների համար քաղաքացիություն ստանալը, որոնք պայմանագիր են կնքել ռուսական բանակում զինվորական ծառայություն անցնելու համար։

Բացի այդ, Պետդուման հավանություն է տվել Քր.օր.-ում «զորահավաք», «ռազմական դրություն», «ռազմական ժամանակ», «զինված հակամարտություն» հասկացությունները մտցնելու մասին։ Խորհրդարանի ստորին պալատը նաև հաստատել է դասալքության և կամավոր գերի հանձնվելու համար պատժելու մասին փոփոխությունները։

Պատգամավորները հաստատել են նաև ռազմական ժամանակ մարոդյորության համար 15 տարի ազատազրկման մասին որոշումը։