Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն. Ալեն Սիմոնյան
Իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, որ Հայաստանը չի տալիս բանակցություններով։
«Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, իրենք ուզում են, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում մնան միայն իրենք և Թուրքիան, և այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Հենց մենք ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում ու այլ բան է ուզում, և այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով։ Այսօր մենք ցուցադրել ենք, որ այս ճանապարհով այլևս չենք գնալու, և դրա մասին է մեր զինվորների կռիվը, և դրա մասին են մեր այն հայտարարությունները, որ այլևս մենք պատրաստ են քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, և ոչ մի բան ավել »,– ասաց Սիմոնյանը։

