Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, ցավոք, այդ թիվը դեռևս վերջնական չէ. Փաշինյան
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանք. առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասաց նա:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության: Կարող եմ նշել, որ զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,-ասաց նա:

