Տեղեկություններ են կան, որ Ադրբեջանը նոր հարված է պատրաստում. ՄԱԿ–ում ՀՀ-ի ներկայացուցիչ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։ Այս մասին Հայաստանի դիմումի համաձայն հրավիրված ՄԱԿ–ի ԱԽ նիստում հայտարարել է ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը մտադիր է ընդլայնել հարձակման աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի կողմից, իր նպատակին հասնելու և Հայաստանով էքստերիտորիալ միջանցք բացելու համար», – հայտարարեց Մարգարյանը։

Բնականաբար ադրբեջանական կողմը հայտարարելու է` «միայն Հայաստանի սադրանքներին է պատասխանում»։

«Այստեղ պետք է նկատել, որ շահարկումները միշտ էլ Ադրբեջանի գործելաոճն են եղել, դրա համար այդ երկիրը մշտապես համառորեն դիմադրել է հրադադարի խախտումները հետաքննելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության», – հիշեցրել է Մարգարյանը։