Ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք եղել, խոպանչիների բրիգադ եք. Փաշինյանը՝ ԱԱԾ սպաների միությանը

Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ԱԱԾ սպաների միություն ՀԿ-ին, փոխանցում է News.am-ը։

«Արա, դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Հայաստանում ձեր օրոք Ազգային անվտանգության ծառայություն չի եղել։ Խոպանչիների բրիգադ եք դուք եղել. ցավոք սրտի, նաեւ մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետեւ շատ դեպքերում պետք է հասկանանք՝ ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հիշեցմանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կային մարդիկ, որոնք մարտական դիրքերում զինվորներին ասում էին՝ մի կռվեք, հողերը ծախել են, Փաշինյանն արձագանքեց.

«ԱԱԾ-ն ինձ զեկուցել է, որ պատերազմի դրվագ կա, որտեղ կոնկրետ անձի կողմից հրամայվել է, որ հակառակորդի կողմից գրավված եւ ապա հետ գրավված ռազմավարական նշանակության բարձունքը զինված ուժերը թողնեն եւ հեռանան։ Որտեղի՞ց է եկել այդ հրամանը։

Կառավարությունն ամենաշահագրգիռն է, որ պատերազմական դրվագներն ի հայտ գան։ Եվ հիմա որ նախաքննության մարմինը կոնկրետ մարդկանց Շուշիի դրվագով ձերբակալում է, մեկ էլ Ղարաբաղի խորհրդարանի կեսը պաշտպանում է, չհասկացանք, բա հիմա Շուշին հանձնե՞լ են, թե՞ ոչ. թե՞ պիտի պարտադիր պարզվեր, որ ես եմ Շուշին հանձնել, որ բոլորն ասեին՝ կեցցե արդարությունը»։