Ֆրանսիան և Եվրոպան պետք է շտապ գործեն՝ կանխելու նոր պատերազմը․ ԵԽ ԵԺԿ ֆրանսիական պատվիրակություն

Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության ֆրանսիական պատվիրակությունը հայտարարություն է տարածելԱդրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։ «Մենք պետք է դատապարտենք երեկ երեկոյան Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված հանցավոր ագրեսիան։ Ֆրանսիան և Եվրոպան պետք է շտապ գործեն՝ կանխելու նոր պատերազմը։ Շնորհակալություն Ֆրանսուա-Քսավիե Բելամիին՝ այս հիմնական թեմայի շուրջ Եվրախորհրդարանը մոբիլիզացնելու համար»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍներ:

ՊՆ տեղեկացմամբ, ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։