ՄԱԳԱՏԷ-ն նախնական գնահատական է տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի վիճակին

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին իր առաջին գնահատականն է տվել Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի մասին։
Գրոսսին առաջին հերթին նշել է անձնակազմի և ղեկավարության անձնուրաց աշխատանքը։

«Չնայած ծանր հանգամանքներին՝ նրանք պրոֆեսիոնալ են անում իրենց աշխատանքը։ Մենք կշարունակենք մեր վերլուծությունը»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։

Առաքելության անդամներին հաջողվել է մի քանի ժամում մեծ քանակությամբ տեղեկատվություն հավաքել, հավելել է Գրոսսին. «Առանցքային բաները, որոնք ես ուզում էի տեսնել, տեսա»:

ՄԱԳԱՏԷ-ի տեսչության մասնակիցները կմնան քաղաքում և նախատեսում են հանդիպել Էներգոդարի բնակիչների հետ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների պատվիրակությունը սեպտեմբերի 1-ի կեսօրին ժամանել է Զապորոժիեի ատոմակայան։

Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգեն Բալիցկին մանրամասնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն Էներգոդարում կմնա մինչև սեպտեմբերի 3-ը։ Նախատեսվում է, որ ԶԱԷԿ-ից բացի, պատվիրակությանը ցույց կտան նաև քաղաքի գնդակոծված քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։