ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Միքայել Բադալյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանն աջակցում է եղբայրական Հայաստանի մի շարք հասարակական ակտիվիստների և քաղաքական գործիչների` Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես առաջնահերթություն զարգացնելու և խորացնելու կոչերին։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ մեկնաբանելով Հայաստանում հասարակական գործիչների, այդ թվում Արմեն Գրիգորյանի և Միկա Բադալյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի մեր դաշնակից երկիրը զարգանա կայուն և կանխատեսելի կերպով՝ խաղաղության և ազգային համաձայնության մթնոլորտում»,- նշել է նա:
Նրա խոսքով` ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում, համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում և, իհարկե, առանց բռնության:
Նեչաևը նշել է նաև, որ Մոսկվայում հետագայում ևս հետևելու են Բադալյանի ճակատագրին, ինչպես նաև սերտ շփումներ են պահպանելու բարեկամ հանրապետության բոլոր պատասխանատու քաղաքական ուժերի հետ:
Նա ընդգծել է, որ Մոսկվայում շահագրգռված են հայ հասարակության համախմբման հարցում, որի ժամանակ հաշվի կառնվեն դրա բոլոր խմբերի շահերը, և մեծ նշանակություն են տալիս Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա համակողմանի խորացմանը, ինչն արտացոլված է 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ:
«Պատրաստ ենք Երևանի հարցման դեպքում աջակցել հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը, ներառյալ փորձագիտական մասնակցությունը նրա պետական կառավարման համակարգի բարեփոխմանը»,-եզրափակել է Նեչաևը:

