ԵՄ-ն աջակցություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
ԵՄ-ն հաստատել է իր «կայուն հավատարմությունը՝ աջակցելու անվտանգ, կայուն և բարգավաճող Հարավային Կովկասին»: Տեղեկությունը նշած է Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստի արդյունքներով Եվրամիության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«ԵՄ-ն ընդգծել է կողմերին՝ Ադրբեջանին ու Հայաստանին աջակցելու իր հավատարմությունը՝ առաջ մղելու համապարփակ խաղաղության պայմանագիրը։ Բացի այդ, ԵՄ-ն կարևորել է դրական ու կառուցողական հրապարակային հռետորաբանության միջոցով երկու երկրների բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելը: ԵՄ-ն նաև ընդգծել է իր աջակցությունը հակամարտության հետևանքների վերացմանը, այդ թվում՝ ականազերծման և այլ չլուծված հումանիտար հարցերում օգնություն ցուցաբերելու միջոցով», – ընդգծվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի ու «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագրի կնքմամբ:
«Այդ համաձայնագրերը օգուտ կբերեն մեր բոլոր քաղաքացիներին ինչպես Եվրոպական Միությունում, այնպես էլ Ադրբեջանում։ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է բանակցությունների հաջող ավարտին (այդ փաստաթղթերի ստորագրման համար)», – նշված է փաստաթղթում։
Նաև ընդգծվում է, որ Ադրբեջանը Եվրոպական Միության կարևոր գործընկերն է ու ռազմավարական էներգետիկ գործընկեր, որը բնական գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա և, այդպիսով, «իր ներդրումն է անում ԵՄ-ի՝ էներգետիկ ռեսուրսները դիվերսիֆիկացնելու ջանքերին»:
«Ուստի էներգետիկան կարևոր թեմա էր մեր քննարկումներում, որոնք հիմնված էին էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման նոր հուշագրի վրա, որը երեկ կնքվել էր ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև», – նշված է հայտարարության մեջ: