Ավարտվել է Ալիևի հանդիպումը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ ստորագրվել է հուշագիր
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնն այսօր Բաքվում ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում Եվրամիության և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցերը։ Բանն այն է, որ Եվրոպան փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից։
Հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ կողմերը քննարկել են Եվրամիության և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի կնքումը, որն ավարտին կհասցվի առաջիկա ամիսներին։ Դրա նպատակը կողմերի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումն է։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել է «առանցքային և հուսալի գործընկեր էներգետիկ ոլորտում»։ Կողմերը նաև ստորագրել են հուշագիր, համաձայն որի՝ կկրկնապատկվի Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման ծավալը, որը կօգնի փոխհատուցել Ռուսաստանից գազի ներկրման պակասը։ Կողմերը կհամագործակցեն նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն մինչև 2024 թվականը 60 միլիոն եվրո կներդնի Ադրբեջանում։

