«Արթմեդ» ԲԿ–ի վերելակը պոկվել, ընկել է. զոհ կա

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է, և ներսում քաղաքացի է եղել»,–գրում է կայքը:

Ահազանգով ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի, նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:

Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: