ԵԱՏՄ-ին մինչև տարեվերջ կհաջողվի համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը․ ԵՏՀ կոլեգիայի նախագահ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամներին կհաջողվի մինչև այս տարվա վերջը համաձայնության գալ գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագծի շուրջ։
«Փաստացի գազի ընդհանուր շուկայում դեռ երեք վիճելի հարց կա։ Կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք այս համաձայնագրի նախագծի շուրջ նույնպես փոխադարձ ընդունելի լուծում կգտնենք»,- ասել է ԵՏՀ ղեկավարը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Վիճահարույց հարցերի թվում Մյասնիկովիչը նշել է գազի փոխադրման սակագների ձևավորման, երրորդ երկրներից գազի ներկրման հետ կապված հարցերի բլոկը։ Բացի այդ, լուծվում է այն հարցը, թե ինչպես վարվել ԵԱՏՄ երկրների միջև արդեն իսկ կնքված երկարաժամկետ պայմանագրերի հետ։ «Ընդհանուր առմամբ, այս բոլոր հարցերը մենք դիտարկում ենք բնական մենաշնորհների գործունեության տեսանկյունից»,- ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։
Նրա խոսքով, էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցում «փաստացի ամեն ինչ կարգավորված է»։ «Այժմ նավթի և նավթամթերքների շուկայի հետ կապված փաստաթղթերը մշակվում են, և դրանք գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում»,- նշել է Մյասնիկովիչը։
ԵԱՏՄ-ում էներգառեսուրսների ընդհանուր շուկաները 2025 թվականի հունվարի 1-ից պետք է սկսեն գործել։

