Պետք է անպայման խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և ռուս խաղաղապահների հետ․ Վանեցյան

Եթե ընդդիմությունն իշխանության գա, ապա Արցախի հարցում առաջին անելիքը պետք է լինի այն, որ եղածը պահպանի և կասեցնի միակողմանի զիջումները։ Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ այսօր ասել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին, թե իշխանության գալու դեպքում Արցախի հարցում ընդդիմությունն ինչ քայլեր է անելու։

«Պետք է արագ վերականգնենք մեր հարաբերություններն արտաքին գործընկերների հետ, խորացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բացի այդ, ռուս խաղաղապահների հետ պետք է հստակ պայմանավորվածություններ ունենանք, որպեսզի ապահովվի Արցախի մնացյալ տարածքի և այնտեղ ապրողների անվտանգությունը»,–ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով` պետք է նաև դիվանագիտական ճանապարհով քայլեր արվեն Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի շուրջ և վերականգնվեն արտաքին քաղաքականության դիրքերը։