Աղաջանյանը դատապարտել է Շուշիում Ադրբեջանի կազմակերպած միջոցառմանը ՄԱԿ-ի մասնակցությունը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիայի հետ հանդիպմանը դատապարտել է ՄԱԿ–ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությունն այն համատեքստում, որ միջոցառումը կազմակերպվել է Շուշիում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Աղաջանյանը հավելել է, որ Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետևանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:

Լիլա Փիթրս Յահիան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը:

Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Անդրադարձ է եղել կառույցի և Ազգային ժողովի միջև համագործակցության կարևորությանը:

Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: