Ուր և որ ժամերին կարող են դիմել Երևան եկած օտարերկրացիներն առողջական խնդիրների դեպքում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաք այցելած օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի մասնագետների հետ։ Ֆեյսբուք–ի էջում նման հայտարարություն է տարածել քաղաքապետարանը։

«Հաշվի առնելով օտարերկրյա քաղաքացիների մեծ հոսքը ՀՀ՝ առողջական խնդիրների, բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի դեպքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին կարող են դիմել` աշխատանքային օրերին զանգահարելով 010-54-40-58 հեռախոսահամարով (ժամը 09:00-18:00-ը): Գործում են նաև 094-26-75-55 (Սերինե Բաղդասարյան), 091-65-40-64 (Մարինե Սեթյան) հեռախոսահամարները, որոնցով կարելի է զանգահարել ժամը 18:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում` նաև ոչ աշխատանքային օրերին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության ֆոնին ՌԴ–ից, Ուկրաինայից, ինչպես նաև Բելառուսից ժամանակավորապես բնակություն հաստատելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ են Հայաստան եկել։