Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում կազմակերպելու համար

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման համար, գերմանական Tagesschau հեռուստահաղորդման ժամանակ  հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

«Միակ լուրջ բանակցությունները, որ կարող են վարվել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով: Իմ նախագահը պատրաստ է դրան: Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ նման հանդիպում կազմակերպելու համար: Մենք խոսում ենք այդ մասին Գերմանիայի կանցլերի հետ, – ասել է  Ժովկվան։

Ռուսաստանն ու Ուկրաինան նախկինում անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման են եկել քաղաքացիների տարհանման, սննդամթերքի և դեղորայքի առաքման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ, սակայն հումանիտար միջանցքները լիովին չեն աշխատել։

Հիշեցնենք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կհանդիպեն հինգշաբթի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում, որին կմասնակցի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ .