Ադրբեջանը հանցագործ պետություն է, Խոջալուում հրեշավոր հանցանք գործեց սեփական ժողովրդի հանդեպ

Երեք տասնամյակ շարունակ պաշտոնական Բաքուն հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսում աշխարհին ապացուցելու, թե 1992-ին Խոջալու բնակավայրում և հարակից տարածքներում իբրև թե հայերը իրականացրել են խաղաղ ադրբեջանցիների ջարդ:

Սակայն բազմաթիվ փաստերը, այդ թվում հենց ադրբեջանական աղբյուրները, վկայում  են այն մասին, որ ադրբեջանական  քարոզչամեքենան  տասնամյակներ շարունակ զբաղված է եղել լկտի ստի տարածմամբ,  վարել է փաստերը ադրբեջանավարի խեղաթյուրելու,  կեղծելու անբարո քաղաքականություն:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1992-ի փետրվարին Խոջալու բնակավայրի տարածքում:

1991 թ. գարնանից ի վեր ադրբեջանական օմոնականները Ստեփանակերտից ոչ հեռու  գտնվող Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանից,  և Խոջալուում տեղակայած  կրակակետերից  Ալազան» և «Կրիստալ»  տեսակի կայանքների և «Գրադ» տեսակի ռեակտիվ համազարկային կայանքի  հրետակոծումների տակ էին հայտնվել հայկական բնակավայրերը` սպանվում էին, առևանգվում հարյուրավոր    հայ խաղաղ բնակիչներ, գերեվարվում հայ զինվորներ:

Մայրաքաղաք Ստեփանակերտը գտնվում էր թշնամու ուղիղ  հրետակոծության տակ, ինչի հետևանքով քաղաքում  սպառվել էին սննդամթերքը, դեղորայքը, վառելիքը:  Թշնամու  կրակակետերի վնասազերծումը դառնում է խիստ  կարևոր քայլ Արցախի  բնակչության ֆիզիկական անվտանգության համար:

Տեղեկացնենք, որ այդ ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Խոջալու էին տեղափոխել ՕՄՕՆ-ի բազմաքանակ  ստորաբաժանումներ, բացի դրանից Խոջալուում հաստատվել էին Ադրբեջանի Ազգային ճակատի մարտիկները:

Թշնամու գրոհները կասեցնելու և հայկական բնակավայրերի անվտանգությունը  ապահովելու   նպատակով 1992 թ. փետրվարի 25-26-ին Արցախի Հանրապետության իշխանությունները կազմակերպում են  մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել բնակավայրի մոտակա օդանավակայանը և  վնասազերծել Խոջալու գյուղում տեղակայված ադրբեջանական  կրակակետերը:

Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման մարտական գործողությունը սկսվեց 1992 թ. փետրվարի 25-ին, ժամը 23:30-ին և ավարտվեց փետրվարի 26-ին, ժամը 3-ին:

Սակայն մինչ կրակակետերի ոչնչացմանն  ուղղված գործողության սկսումը`  ԼՂՀ իշխանությունները նախօրոք, դեռևս 2 ամիս առաջ, այս մասին տեղեկացնում են  ադրբեջանական կողմին: Նպատակը  ադրբեջանցի խաղաղ բնակչությանը չվտանգելն էր:

Այդ նույն նպատակով  հայկական ինքնապաշտպանական ուժերը մարտական գործողությունների գոտուց  ադրբեջանցիներին  անվտանգ հեռանալու համար միջանցք են բաց թողնում: Այս մասին ևս ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր: Սակայն Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին մարտական գործողությունների գոտուց սեփական բնակչությանը տարհանելու համար:

Մինչդեռ ադրբեջանցիների տարհանման գործողություններն անձամբ իրականացնում է հայկական կողմը: Մի կարևոր փաստ արձանագրենք. Խոջալուից արցախահայերը դուրս են հանել 300-ից ավելի թուրք-մծխեթցիների և հանձնել  Ադրբեջանին: Թուրք-մծխեթցիների ներկայությունն այդ տարածքներում հաստատում է  այն տեղեկությունը, որ  1988-90 թվականներին  Ադրբեջանի ԽՍՀ-ն, Ուզբեկստանի Ֆերգանայի հովտից բերված թուրք-մեծխեթներով էր բնակեցնում այդ տարածքները: Սա փաստում է տարածաշրջանը թրքացնելու և բնիկ հայ ժողովրդին իր պատմական հայրենիքից դուրս մղելու ադրբեջանական հայտնի քաղաքականության մասին:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատմում է. «Կան բազմաթիվ փաստեր, նկարահանված կադրեր, թե ինչպես են  մծխեթցի թուրքերը, ադրբեջանցիները շնորհակալություն հայտնում հայերին` իրենց փրկելու համար: Եթե ոչնչացնելու լինեին, պետք է տեղում նրանց ոչնչացնեին, սակայն  նման բան տեղի չի ունեցել»: Բայց տարիներ անց երախտապարտ լինելու փոխարեն՝ Ադրբեջանի հայատյաց իշխանությունը կատարվածը ներկայացրեց բոլորովին այլ լույսի ներքո. Հայտարարելով, թե հայերը Խոջալուում ցեղասպանություն են իրականացրել:

ՄՈՒԹԱԼԻԲՈՎԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է` ՈՃԻՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի առաջին նախագահ Այաս Մութալիբովը, 90-ականններին խոսելով  Աղդամի (Ակնա) մատույցներում ադրբեջանցի խաղաղ բնակիչների շարասյան ոչնչնացման մասին, ասել էր` այդ հանցավոր ակտը իրականացրել է Ադրբեջանի ընդդիմությունը, որպեսզի իրեն հեռացնեն  իշխանությունից, և կատարվածի ամբողջ պատասխանատվությունը դրել ընդդիմության վրա:

Այս մասին Մութալիբովը  ասել էր չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում, որը հրապարակվեց «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Մեջբերում հարցազրույցից.  «Ինչպես պատմում են այն խոջալուցիները, որոնք փրկվել են,  այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի պատճառ լիներ իմ հրաժարականի համար: Ինչ-որ  ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, ովքեր շատ հստակ և բանիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն նրանց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր… Դատողությունների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից այնուամենայնիվ թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ, Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց»:

Դանա Մազալովան էլ 2017 թվականին «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում հաստատել էր, որ Մութալիբովն իր հետ զրույցում ասել է այդ խոսքերը. «Նա հնարավոր համարեց այն միտքը, որ այդ ամենն արել են ադրբեջանական ժողովրդական ճակատայինները, որպեսզի նրան՝ Մութալիբովին, հեռացնեն»,- ասել էր Մազալովան:

Մութալիբովը այդ մասին ասել է նաև  ռուսական «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում. «Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից՝ ինձ իշխանությունից հեռացնելու նպատակով: -Ակնհայտ էր, որ խոջալուցիների գնդակահարությունը ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար»:

Այսպիսով, սեփական ժողովրդի դեմ նման դաժան հանցագործության իրականացումը հետապնդել էր զուտ  ներքաղաքական նպատակներ: Հիշեցնենք, որ Խոջալուի դեպքը հիմք դարձավ, որպեսզի  երկրի նախագահ Մութալիբովը   պաշտոնանկ արվի:

Սակայն տարիներ անց Ադրբեջանի իշխանությունը  որոշում է  կատարվածը օգտագործել արտաքին քաղաքական նպատակների համար և  մեղավոր կարգում  հայերին` սլաքն ուղղելով Հայաստանի ու Արցախի դեմ:

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՍՊԱՆՎԵՑԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԼՂՀ ԱԳՆ-ը ահա թե ինչ փաստեր է ներկայացնում.

«1992 թ. մարտի 2-ին զանգվածային սպանությունների վայր կատարած երկրորդ թռիչքի ժամանակ լրագրողները նկատել էին, որ գետնին գտնվող դիակների դիրքը և նրանց վնասվածքների ու վերքերի աստիճանը, առաջին զննման հետ համեմատած, ապշեցուցիչ կերպով փոփոխվել է: Եվ դա այն տարածքում, որը մինչ 1993 թ. ամառը ամբողջությամբ վերահսկվում էր Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից: Հենց այս փաստն են ջանադրաբար թաքցնում  ադրբեջանական քարոզիչները: Միանգամայն ակնհայտ է, որ մարմինների դիրքը փոփոխվել էր կատարվածի ամբողջ մեղքը հայկական կողմի վրա բարդելու նպատակով, ստեղծելով այն բանի տեսլականը, թե խոջալուցիները սպանվել են  հայկական կողմից արձակված կրակոցներից:

Տվյալ հանգամանքը այնքան էր ապշեցրել ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևին, որ նա դրա մասին անձամբ տեղեկացնում է  նախագահ Մութալիբովին, որն այդ ժամանակ արդեն ակնհայտորեն կռահում էր ողբերգության պատճառները: Մութալիբովը պատասխանում է հիրավի մարգարեական խոսքերով. «Չինգիզ, ոչ մեկին ոչ մի բառ չասես այն մասին, թե նկատել ես, որ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում քեզ կսպանեն»:

Կասկածելով, թե կատարվածը հայկական կողմի ձեռքի գործն է, Մուստաֆաևը սկսում է անկախ հետաքննություն: Եվ Մոսկվայի ДР-Пресс տեղեկատվական գործակալությանը տրամադրում է տեղեկություն այն մասին, որ  խոջալուցիների դեմ տեղի ունեցած հանցանքները փաստում են ադրբեջանական կողմի  մասնակցության մասին: Դրանից հետո  լրագրողը սպանվում է Աղդամից ոչ հեռու, չպարզված հանգամանքներում…

Ի դեպ, նույն ճակատագրին է արժանանում նաև դաշտային հրամանատար Ալա Յակուբը, որն անզգուշություն էր ունեցել հայտարարելու, թե «…ինքը կարող էր լույս սփռել Նախիջևանիկի մոտ (Խոջալուի մերձակա հայկական գյուղ) տեղի ունեցած սպանդի վրա. 1993 թ. ամռանը իշխանության եկած Ադրբեջանի Ազգային ճակատը նրան ձերբակալում է, բանտախցում Ալա Յակուբին սպանում են:

«Մոնիտոր» անկախ թերթի ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը 2005 թ. փետրվարին 10 օր անցկացնում է ԼՂՀ-ում, ինչի մասին ներկայացնում է  իր նյութերում: Անդրադառնում է  Խոջալուի դեպքերին ու ներկայացնում հետևյալը. «Մի քանի տարի առաջ Նաֆթալանում ես հանդիպեցի ժամանակավոր այնտեղ ապրող խոջալուցի փախստականների հետ, որոնք բացեիբաց խոստովանեցին ինձ… որ դեռևս հարձակումից մի քանի օր առաջ հայերը անընդհատ բարձրախոսներով զգուշացնում էին բնակչությանը` ծրագրվող գործողության մասին, առաջարկում էին քաղաքացիական բնակչությանը լքել բնակավայրը և շրջափակումից դուրս գալ մարդասիրական միջանցքով, Կարկառ գետի  երկայնքով: Իրենց իսկ` խոջալուցիների խոսքերով, իրենք օգտվել էին այդ միջանցքից և իրոք միջանցքից այն կողմ գտնվող հայ զինվորները կրակ չեն բացել նրանց վրա… Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին, ես լիովին համոզված եմ, որ հայկական միջանցքի բացակայության մասին ենթադրությունները անհիմն են: Միջանցքը իրոք կար, հակառակ դեպքում, ամբողջովին շրջափակված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալուցիները ոչ մի կերպ չէին կարող ճեղքել օղակը և շրջափակումից դուրս գալ: Սակայն հաղթահարելով Կարկառ գետից այն կողմ ընկած տեղանքը,  փախստականների շարանը մասնատվել է, և չգիտես ինչու, խոջալուցիների մի մասն ուղղվել է  Նախիջևանիկի կողմը: Երևում է, ԱԱՃ գումարտակները հետամուտ էին ոչ թե  խոջալուցիների ազատագրմանը, այլ դեպի Մութալիբովի տապալում տանող ճանապարհի մեծ արյան»:

Սա տպագրելու համար թերթի խմբագիր Էլմար Հուսեյնովը, օրեր անց`  2005 թ. մարտի 2-ին, Բաքվում, իր սեփական տան շեմին անհայտ անձի կողմից  գնդակահարվում է:

Իսկ լրագրող Ֆատուլաևը իր տեսանյութը հրապարակելու համար   դատապարտվում է պետական դավաճանության համար…

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԽՈՍՈՏԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանցի  իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. «Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհ են  մատուցվել  քաղաքական նպատակին» (ադրբեջանական «Զերկալո» թերթ, 1992 թ., հուլիս):

Թամերլան Կարաևը, որը  ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր, վկայում է. «Ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ` «վերևում նստածներից մեկը» (ադրբեջանական «Մուխալիֆաթ» թերթ, 1992 թ., ապրիլի 28):

Հեյդար Ալիևը ևս խոստովանել է, որ Խոջալուի դեպքերի «մեղավորը նաև Ադրբեջանի նախկին ղեկավարությունն է»: 1992 թ. ապրիլին նա, համաձայն «Բիլիք-Դունյասը» գործակալության հաղորդագրության,  ցինիկաբար ԱՍԵԼ Է․  «Արյունահեղությունը մեր  օգտին է լինելու: Մեզ պետք չէ միջամտել դեպքերի ընթացքին»:

Ավելի ուշ, երբ  արդեն իշխանության ղեկին էին Ազգային ճակատի ներկայացուցիչները,   ձերբակալությունից   առաջ Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Վագիֆ Հուսեյնովը, ակնարկելով Բաքվի ԱԱՃ-ի որոշ քաղաքական գործիչների, հայտարարել է. «1992 թ. Բաքվի հունվարյան իրադարձությունները և Խոջալուի իրադարձությունները միևնույն մարդկանց ձեռքի գործն են»:

ԱՀ պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը նույնպես հավաստում է, որ Խոջալուում «Մութալիբովի համար թակարդ էր պատրաստված»: Դրանով իսկ խոջալուցիների զանգվածային  սպանության կազմակերպիչները հասան միանգամից  երկու նպատակի. հեռացրին ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ պիտանի դարձած Ա. Մութալիբովին և ստացան անմարդկային մեթոդներով պատերազմ վարելու մեջ հայերին մեղադրելուն ուղղված աղմկահարույց արշավի պատրվակ: Ընդսմին, մի տեսակ  երկրորդ պլան մղվեց այն փաստը, որ փետրվարի 13-ից ադրբեջանական բանակը սկսեց «Գրադ»-ից մեթոդաբար ավերել 55-հազարանոց Ստեփանակերտը և  հարակից հայկական մյուս բնակավայրերը:

Այն, ինչ ներկայացրինք, ահռելի փաստերի շատ  փոքր հատվածն է միայն:  Սակայն եղածն էլ հաստատում է այն, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորը Ադրբեջանն է: Այս երկրի իշխանությունը  1992-ին հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` հանուն ներիշխանական  պայքարի:

Պատրաստեց Արմինե Սիմոնյանը