Մեկ օրում Ուկրաինայից Լեհաստան մուտք է գործել ավելի քան 47 հազար մարդ
Լեհաստանի սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ փետրվարի 25-ին Ուկրաինայից հանրապետություն մուտք է գործել 47.5 հազար մարդ:
Տեղական ԶԼՄ-ներն ու սոցցանցերի օգտատերերը հայտնում են սահմանի մոտ մեքենաների մեծ կուտակումների մասին: Նշվում է, որ մարդիկ եկել են՝ դիմավորելու Ուկրաինայից եկող իրենց բարեկամներին, ընկերներին կամ ծանոթներին:
Լեհաստանի իշխանություններն ավելի վաղ գնահատել էին, որ ռազմական գործողությունների սկսվելու պարագայում Ուկրաինայից կարող է մինչև 1 մլն մարդ գալ հանրապետություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆ–ը և ԵՄ–ը գնահատել են ՌԴ–ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

