Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խրված Ուկրաինան կդառնա «թնդանոթի միս»
Շատ հետաքրքիր է Չինաստանի արձագանքը Նովոռոսիայի (ԴԺՀ և ԼԺՀ) վերաբերյալ Ռուսաստանի վերջին որոշումներին: Կարծում ենք, Հայաստանի քաղաքացիներին օգտակար կլինի իմանալ, թե ինչպես է արձագանքում պաշտոնական Պեկինը, և ինչ են ասում չինացի փորձագետները։
Փետրվարի 22-ին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, չափազանց կարևոր է կանխել հակամարտության սրումը։ Պեկինը կոչ է արել շահագրգիռ կողմերին «զսպվածություն ցուցաբերել»։ «Անհրաժեշտ է լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով և խուսափել հակամարտության հետագա սրումից»,- նշել է Վենբինը, մատնանշելով, որ ՉԺՀ-ի դիրքորոշումն ուկրաինական հարցում մնում է անփոփոխ․ «Բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության»։ Այնուամենայնիվ, մենք նաև հիշում ենք, որ երբ Չինաստանի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Պեկինում ամենաբարձր մակարդակով ռուս-չինական բանակցություններ էին ընթանում, ապա Չինաստանի նախագահ Սի Ծինփինը անվերապահորեն աջակցել է Վլադիմիր Պուտինին դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիության և մոլորակի ընդհանուր անվտանգության անբաժանելիության հարցում։
Չին փորձագետներն ավելի ազատ են իրենց կարծիքներում։ ԵՄ երկրները, ինչպես Մոսկվան, շահագրգռված են Դոնբասում սրված իրավիճակի հանգուցալուծմամբ, ինչը չի կարելի ասել ամերիկացիների մասին։ Եվրոպայում պատերազմից ամենաշատը շահում է Վաշինգտոնը։ Հակամարտության նման սրմամբ Ուկրաինան, որը խրվել է երկու խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, ամենայն հավանականությամբ կդառնա «թնդանոթի միս»: Նման կանխատեսում է արել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Չժաո Ջունջեն (Չժաո Ցզյունցզե)։ «Իրականում ԱՄՆ-ն է ամենից շատ հույսեր կապում Եվրոպայում հակամարտության և պատերազմի սրման հետ»,- ընդգծում է փորձագետը «Huanqiu Shibao» թերթում հրապարակված հոդվածում։ «Եվրոպական մայրցամաքում ռազմավարական մրցակցության առումով միայն Ռուսաստանը կարող է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին, և միայն նա կարող է սպառնալ Արևմտյան Եվրոպայի երկրների անվտանգությանը»: Մերկացնելով Վաշինգտոնի քաղաքականությունը՝ նա նշում է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է վերահսկել եվրոպական անվտանգության խնդիրները և կանխել Եվրոպայի «ռազմավարական ինքնավարությունը», ապա նրանք պետք է դիմեն իրենց սովորական «վերահսկվող անկայունության» մարտավարությանը։ «Եթե ԵՄ-ը կարողանա որոշել եվրոպական անվտանգության հարցերը և հասնել «ռազմավարական ինքնավարության», արդյո՞ք նրան անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայությունը: Ընդհակառակը, եթե ԱՄՆ-ը ցանկանում է առաջատար դեր խաղալ և ազդեցություն ունենալ Եվրոպայում, նա պետք է ոչ միայն ստեղծի քաոսի որոշ թեժ կետեր և օջախներ, որոնք կսպառնան եվրոպական անվտանգությանը, այլև կայունությանն ուղղված այդ սպառնալիքները դարձնի «կառավարելի», որպեսզի նրանք կարողանան հիմնավորված միջամտել և վերահսկել այն, ինչ տեղի է ունենում», – գրում է Չժաո Ջունջին (Չժաո Ցզյունցզե):
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աշխարհաքաղաքական հակամարտության շարունակական սրումը, որն իր հերթին հարվածային ալիք է թողնում եվրոպական հասարակության կայունությանը, հենց «վերահսկվող անկարգությունների» ամերիկյան մարտավարության հիմնական գործիքն է։ «Ջո Բայդենը պաշտոնավարում է ավելի քան մեկ տարի։ ԱՄՆ-ը աստիճանաբար իրականացնում է իր նպատակը, այն է՝ ճնշել Ռուսաստանին և միջամտել եվրոպական անվտանգությանը»,- պարզաբանում է փորձագետը։ Նա թվարկում է այն «գործառնությունները», որոնք վերջերս իրականացրել է ամերիկյան վարչակազմը։ Նախ, չինացի վերլուծաբանը նշում է, որ Վաշինգտոնն օգտագործել է արևմտյան լրատվամիջոցները՝ «ռուսական սպառնալիքի տեսությունը» տարածելու համար։ Օրինակ՝ սուտ էր տարածում «Ռուսաստանի՝ Ուկրաինա անխուսափելի ներխուժման» մասին, վստահեցնում էր, որ փետրվարի 16-ին ռուսական բանակը պատերազմ է սկսելու և այլն։ Այն պնդումը, թե ներխուժման ժամկետները «100%-ով ճշգրիտ» են, փորձ է արևմտյան հասարակական կարծիքն օգտագործել «պայթյուն» ստեղծելու համար։ Երկրորդ՝ կարևոր դիվանագիտական հարցեր քննարկելիս Վաշինգտոնը բազմիցս ասել է Ուկրաինայի կառավարությանը, որ ԱՄՆ գլխավորած արևմտյան դաշինքը ձեռքերը ծալած չի նստի, և որ Ամերիկան Ուկրաինայի ազգային անվտանգության «պահապան հրեշտակն» է։ Այսպիսով, պետությունները փորձում են ամուր կապել Ուկրաինային իրենց «կառքին» Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական խաղում։ Երրորդ՝ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու» մտավախություն առաջացնելով, նրանք օգտվել են առիթից՝ նրան մեծաքանակ զենք մատակարարելով և վաճառելով: Այս տարվա սկզբից ԱՄՆ-ը հարյուրավոր տոննա զենք և տեխնիկա է տրամադրել Ուկրաինային, ինչը, հավանաբար, ուղղակիորեն հրահրել է հակամարտության այս փուլը երկրի արևելքում։
«Չորրորդ, հենց որ Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմ սկսեն, և իրավիճակը սրվի, ԵՄ-ը առանց վարանելու կողմ է ընտրելու և դառնալու է ռազմավարական «շախմատային զինվոր» Վաշինգտոն-Մոսկվա խաղում։ Այդ ժամանակ եվրոպական կապիտալը սկսելու է արագորեն վերադառնալ ԱՄՆ։ Արդյունքում ԱՄՆ դոլարի հեգեմոնիան էլ ավելի կամրապնդվի, իսկ եվրոյի հզորությունը և եվրոպական ռազմավարական ինքնավարությունը կխաթարվեն, վստահ է Չժաո Ջունջին։ «Չնայած ռուս-ուկրաինական ճգնաժամի էսկալացիան ունի իր պատճառները, Ուկրաինան, որը հայտնվել է երկու խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, հավանաբար կդառնա թնդանոթի միս»:
Հոդվածում ասվում է նաև, որ «ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան բլոկը ուժեղ է թվում, բայց բացի ԱՄՆ-ից, ԵՄ այլ երկրների համար դժվար կլինի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել»՝ հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական ռազմական հզորությունը։ «Առաջին հայացքից ուկրաինացի առաջնորդների լավագույն դիվանագիտական տարբերակը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելն է, ուստի նրանց երկիրը կստանա ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտպանությունը: Սակայն ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելը թույլ կտա արևմտյան ուժերին մոտենալ Ռուսաստանի սահմաններին՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով նրա ազգային անվտանգությանը և խախտելով «կարմիր գծերը», իսկ Մոսկվան դա ոչ մի կերպ չի կարող թույլ տալ,- բացատրում է փորձագետը ուժերի դասավորվածությունը՝ հետևելով պաշտոնական Պեկինի կողմից հեռարձակվող քաղաքականությանը։ – Հակամարտող կողմերը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան, հույս ունեն ստանալ իրենց «անվտանգության երաշխիքները», և ես կարծում եմ, որ դրա համար նախ անհրաժեշտ է երաշխիքներ տրամադրել համաշխարհային անվտանգության համար։ Միայն իրական բազմակողմանիությանը հավատարիմ մնալով՝ միջազգային հանրությունը կարող է լուծել տարաձայնությունները, ամրապնդել միասնությունն ու համագործակցությունը, վերջ տալ պատերազմներին և հակամարտություններին ու հասնել լիարժեք խաղաղության և կայունության ամբողջ աշխարհում»:
Սերգեյ Շաքարյանց

