Պուտինն ու Բայդենն ընդունել են գագաթնաժողով անցկացնելու Մակրոնի առաջարկը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարներն ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ գագաթնաժողով անցկացնելու մասին, հայտնել են Ելիսեյան պալատից։

«Մակրոնն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի միջև, այնուհետև բոլոր շահագրգիռ կողմերի հետ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության վերաբերյալ: Նախագահներ Բայդենը և Պուտինը սկզբունքորեն ընդունեցին նման գագաթնաժողովի գաղափարը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ հանդիպումը կարող է կայանալ միայն այն դեպքում, «եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։

Գագաթնաժողովի օրակարգը կպատրաստեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որոնց բանակցությունները նախատեսված են փետրվարի 24-ին, հավելել են Ելիսեյան պալատից։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հաստատել է տեղեկությունը Փարիզից։

«Նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնել է կրկին հանդիպել նախագահ Պուտինի հետ, եթե ներխուժում չլինի», – ասել է նա։