Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

«Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- ասել է Ադրբեջանի զինդատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևը։ Նրա խոսքը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա ընդգծել է, որ 1988 թ․ փետրվարից Քոչարյանն ու Սարգսյանը՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով, Ղարաբաղում կազմակերպությունների և հաստատությունների հայազգի աշխատակիցների հավաքներ են անցկացրել։

«Քանի որ նրանք քարոզում են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին, և այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, ինչպես նաև կոչ են անում վտարել ադրբեջանցիներին այդ տարածքներից, հրկիզել նրանց տները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել և գտնվում են հետախուզման մեջ»,- ​​ասել է նա։

Հիշեցնենք, որ Ինտերպոլը չի ընդունում քաղաքական դրդապատճառներով հետախուզումը։