ԱԺ հանձնաժողովը չաջակցեց «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծին
Այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չաջակցեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վավերացրած այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին։ «Կողմ» քվեարկեց 4 պատգամավոր, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 պատգամավոր ձեռնպահ մնաց։
Հայտարարության նախագծում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խորին մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից օկուպացված Շուշի քաղաքում 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի վավերացման կապակցությամբ։
Հռչակագրով հաստատվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական միությունը «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգի շրջանակում։
Թեև փաստաթղթում ասվում է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այնուամենայնիվ, դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ։ Այն ամրագրում է Արցախի դեմ 44-օրյա ագրեսիա ծավալած երկու պետությունների ռազմավարական նպատակները՝ ուղղված Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ցեղասպանություն վերապրած և ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովրդի իրավունքների դեմ։
Հռչակագրում օգտագործված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հրապարակավ պայմանավորվածություններ են ձեռք բերում համատեղ էքսպանսիոնիստական ծրագրերի իրականացման շուրջ։
Դատապարտման է արժանի նաև երկու պետությունների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ համատեղ պայքարի հարցում, որը ենթադրում է հարցի բովանդակության խեղաթյուրում և տեղափոխում պատմական ուսումնասիրությունների դաշտ։
«Շուշիի հռչակագիրը» հիմնված է ոչ թե ՄԱԿ-ի կանոնադրության կամ ԵԱՀԿ-ի ընդունած անվտանգության սկզբունքի, այլ «ռասայական անվտանգության» մոտեցման վրա։ Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Համաձայն 1969թ․ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
«Շուշիի հռչակագիրը լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»։

