Պարզաբանում․ առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ «Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ, որտեղ մասնավորապես ասված է․

«Պարզաբանում․ առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները.

«Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղ գտած թյուր մեկնաբանություններին արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ օլիմպիադայի հարցաշարը կազմել է նշված առարկայի մասնագիտական հանձնաժողովը։

Նշենք, որ օլիմպիադաների հարցաշարերը կազմվում են առարկայական ծրագրերին և կրթական չափորոշիչներին համապատասխան, և դրանց որակի պատասխանատուն առարկայական հանձնաժողովներն են։

Կոչ ենք անում բոլորին՝ չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից։ Առարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են, և այդ թեմայով քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է»։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 9-րդ դասարանի աշխարհագրության օլիմպիադայի հարցաշարում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը.

«Թվարկե՛ք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ու մարզկենտրոնները, բացի Վայոց ձորի և Սյունիքի մարզերից»։