Փետրվարի 9-ը Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան օրն է
Փետրվարի 9-ը հայ քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան օրն է։
Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։
Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։
1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ)կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հայտնի է, որ նա դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու որոշմանը։
Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից։ Կա վարկած, որ ավիավթարը կազմակերպել է Ստալինի դահիճը՝ Բերիան։

