Հայ ժողովրդի համար սա զարգացման նոր դարաշրջան բացելու բացառիկ հնարավորություն է
Աշխարհը կանգնած է մասշտաբային պատմական փոփոխությունների շեմին, որոնց մասին առաջին պատկերացումները ստացանք, երբ Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության երաշխիքների մասին երկու փաստաթղթերը։
Փաստաթղթերի հրապարակումից հետո գործընթացները, իրադարձությունները, հայտարարությունները թույլ տվեցին առավել խորը պատկերացում կազմել սպասվող փոփոխությունների բնույթի և ծավալի մասին։
Այդ կատարվելիք համաշխարհային մաշտաբի փոփոխությունների, եթե կարելի է այդպես անվանել, նախագիծը հրապարակվեց փետրվարի 4-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Պեկին կատարած այցի արդյունքներով։
Ռուսաստանի և Չինաստանի կողմից ստորագրված հայտարարության մեջ մասնավորապես նշվեց, որ Կողմերը մտադիր են վճռականորեն պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների անձեռնմխելիությունը և հետպատերազմյան հաստատված աշխարհակարգը, պաշտպանել ՄԱԿ-ի հեղինակությունը և արդարությունը միջազգային հարաբերություններում և դիմակայել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը հերքելու, խեղաթյուրելու և կեղծելու փորձերին։
Այսպիսով հաստատվում է այն, ինչի մասին ամիսներ շարունակ տեղեկացնում էինք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ամրագրված ԽՍՀՄ սահմաններով մեկ պետության ձևավորման գործընթացը շուտով իրականություն կդառնա։
Այս պայմաններում չափազանց կարևոր է գիտակցել և ընկալել տեղի ունեցող փոփոխությունների մաշտաբը, վերանայել արդեն անցյալ դարձած ամերիկյան միաբևեռ աշխարհի ժամանակաշրջանի սպառված մոտեցումները՝ աշխարհաքաղաքական նոր իրողություններում մեր տեղն ու դերը գտնելու համար։
Հայ ժողովրդի համար սա զարգացման նոր դարաշրջան բացելու բացառիկ հնարավորություն է Ռուսաստանի հետ մեկ պետության մեջ։
Հայկ Այվազյան
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

