Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը յուրօրինակ ուղերձ է նաև Գառնիկ Իսաղուլյանի կալանքին առնչվող բողոքներն ու քր. գործը քննող դատավորներին
Հուսանք, որ այն կանտեսվի, եթե դատավորն անկախ է և սկզբունքային
Մենք արդեն տևական ժամանակ ապրում ենք մի իրականության մեջ, որը բնորոշվում է որպես ոստիկանական բռնապետություն, հետևաբար մեր դիմադրության, պայքարի միջոցներն էլ պետք է համարժեք լինեն այդ իրականությանը…
Նիկոլի իշխանության օրոք իրավունքի, օրենքի և օրինականության, Սահմանադրության մեջ գրվածի («իրավական պետություն») հետ կապված հույսեր տածելը, կարծում ենք, առնվազն միամտություն կլինի կամ պատրանքներին տուրք տալ: Ասվածի ապացույցներից մեկն էլ այն է, որ զավթված դատական իշխանության միջոցով երկրում մեկը մյուսի ետևից ավելանում է քաղբանտարկյալների թիվը: Նրանցից մեկն էլ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանն է:
Քննչական ու դատական մարմինների կողմից Իսաղուլյանի նկատմամբ կատարված ու շարունակվող քայլերի տրամաբանությունը բխում է ոչ թե օրենքից, օրինականությունից, այլ դեռ Նիկոլի ու նիկոլականների կողմից դատարանների շրջափակմամբ, դատավորների ահաբեկմամբ, ինչպես նաև դրան հաջորդած հետագա քայլերով իրականացված դատական իշխանության ուզուրպացիայի, ինչպես նաև ընտրություններից առաջ Նիկոլի կողմից մուրճ ճոճելու մեջ…
Հատկանշական է, որ նիկոլական իշխանությունը քննչական մարմինների, դատախազության, ԲԴԽ-ի միջոցով շարունակում է դատավորների ահաբեկման գործընթացը, որպեսզի նրանք օրենքից բխող և ինքնուրույն որոշումներ չկայացնեն, չարդարացնեն, ինչպես նաև կիրառված խափանման միջոցը վերացնելով կամ դրա փոփոխմամբ կալանքից ազատ չարձակեն քաղբանտարկյալներին:
Վերոնշյալ ահաբեկման կամ թեկուզ դրա փորձի փայլուն դրսևորումներից մեկը լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին (Աշոտ Մինասյան) օրերս գրավի դիմաց կալանքից ազատ արձակած Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումն է ու նույնիսկ նրան կալանավորելու փորձը վերադաս հսկողություն իրանացրած դատախազի կողմից չբողոքարկված, այսինքն` օրինական ուժ ստացած դատական ակտի (նիկոլի աջակցի նկատմամբ կալանքի որոշման) համար: Քրեական գործը հարուցվել է անձին ապօրինի կալանավորելու համար, մինչդեռ դատավորը ստիպված է եղել գնալ այդ քայլին, քանի որ նա դատարանի նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելով, չի ներկայացել դատարան, հետագայում գրավի դիմաց ազատ է արձակվել նույն դատավորի որոշմամբ: Անդրադառնալով Բորիս Բախշիյանին առաջադրված մեղադրանքին, հայտնի փաստաբան Հայկ Ալումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատավոր Բ.Բախշիյանի մեղադրանքի վերաբերյալ մի կարևոր նկատառում.
Եթե ճիշտ եմ հասկացել, պարոն Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինաբար կալանավորելու մեջ: Մի պահ ընդունենք, որ դա այդպես է:
Հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, որոնցով արձանագրված է, որ այս կամ այն դիմողի կալանավորումը հակասել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին: Ասել է թե՝ բազմաթիվ դեպքերում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այս կամ այն անձի կալանավորումը եղել է ապօրինի, ընդ որում՝ այդ ապօրինությունը հաստատվել է ամենաբարձր մակարդակով:
Հիմա հարց. եթե այդ անձանց կալանավորած դատավորներից ոչ մեկին մինչև օրս մեղադրանք չի առաջադրվել, ապա ո՞րն է պարոն Բախշիյանին մեղադրանք առաջադրելու տրամաբանությունը»:
Կարող ենք եզրակացնել (իսկ ինչո՞ւ ոչ…), որ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը ու նրան կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունը յուրօրինակ ուղերձ է նաև Գառնիկ Իսաղուլյանի կալանավորման առնչությամբ վերաքննիչ բողոքն այսօր քննող դատավորին, ինչպես նաև տարբեր ատյանների այն բոլոր դատավորներին, որոնց մոտ ըստ էության քննելու համար առաջիկայում կհայտնվի Իսաղուլյանին առնչվող քրեական գործը:
Որ Գառնիկ Իսաղուլյանի նկատմամբ սուտ մատնության հատկանիշներով քրեական գործի հարուցումն անհիմն է, հարուցված քրեական գործը` շինծու, հիմնավորել ենք դեռ 2021թ. դեկտեմբերի 21-ի մեր հրապարակմամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` փետրվարի 3-ին, ժամը 15։00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է Գառնիկ Իսագուլյանին ապօրինի կալանքի տակ պահելու բողոքը (հունվարի 25-ին հետաձգվեց՝ հոսանք չլինելու պատճառաբանությամբ)։
Շարունակվում են քաղաքական հետապնդումները, և այսօր հետապնդվում են նույնիսկ դատավորները, որոնք կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ պահելով օրենքն ու իրենց երդումը։
Ուստի կոչ ենք անում բոլոր համակիրներին, իրավապաշտպան կառույցներին և անհատներին, նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երկրին սպառնացող վտանգների հանդեպ, միավորվել և փետրվարի 3-ին Վերաքննիչ դատարանի բակում (Հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) մեր աջակցությունն ու խաղաղ բողոքի ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Գառնիկ Իսագուլյանի և ի նշան մեր միասնականության և արդարադատության հաղթանակման։
Արթուր Հովհաննիսյան