Սոչիի վարչակազմը ներողություն է խնդրել և կայքից հեռացրել այսպես կոչված ադրբեջանական տոնի մասին տեղեկությունը

Սոչիի վարչակազմը ներողություն է խնդրել և իր պաշտոնական կայքից հեռացրել այսպես կոչված ադրբեջանական տոնի՝ «2020 թվականի Հայրենական պատերազմում հաղթանակի օրվա» մասին տեղեկությունը։ Պաշտոնական վարկածով՝ կայքը կոտրվել է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան  էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարցը վաղը կքննարկվի Սոչիի ՌՀՄ մասնաճյուղի հավաքում։ Ռուսաստանի հայերի միությունը հետաքննություն է նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք այս սադրանքը «ադրբեջանցի հաքերների» գործն է, թե դրա հետեւում կանգնած են շատ ավելի լուրջ հակառուսական ուժեր։

Մեջբերվում է նաեւ Սոչիի վարչակազմի մեկնաբանությունը․

«Սոչի քաղաքի վարչակազմի կայքում 2021 թվականի դեկտեմբերի 29-ի տեղադրվել է 27.12.2021-ի № 3222 հրամանը «Տոների, հիշարժան եւ հոբելյանական տարեթվերի, նշանակալից իրադարձությունների եւ միջոցառումների օրացուցային ծրագիրը հաստատելու մասին»։

2022 թվականի հունվարի 5-ի ամանորյա տոների ժամանակ Սոչի քաղաքի վարչակազմի կայքում վարչակազմի տեղեկատվության եւ հաղորդակցության բաժնի մասնագետները ժամը 00.17-ին արձանագրել են կայքի նկատմամբ չարտոնված հասանելիություն, որն օպերատիվ կերպով կասեցվել է։

2022 թվականի փետրվարի 1-ին վերոնշյալ բաժնի մասնագետները եզրակացություն են ստացել առ այն, որ հարձակման հետեւանքով հաքերները մուտք են գործել նորմատիվ-իրավական ակտերի բաժին։

«2022 թվականին տոների, հիշարժան եւ հոբելյանական տարեթվերի, նշանակալից իրադարձությունների եւ միջոցառումների օրացուցային ծրագիրը հաստատելու մասին» հրամանագրում հաքերները կեղծ գրառումներ են կատարել՝ միտումնավոր հրահրելով ազգամիջյան ատելություն։ Արձանագրվել են նաեւ պաշտոնական ձեւակերպումների փոխարինման մի շարք այլ փաստեր։

Սոչիի վարչակազմը պաշտոնապես ներողություն է հայցում եւ ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ համացանցում իր տեղեկատվական ռեսուրսները նման միջադեպերից հավելյալ պաշտպանելու համար։

Այս պահին Սոչիի վարչակազմի կայքից բոլոր կեղծ տեղեկությունները հեռացվել են»։