Աշխարհն անորոշության մեջ է, որտեղ տեսանելի է միայն Արևմուտքի քայքայումը

Դատելով այն հանգամանքից, որ Վաշինգտոնում «ինչ-որ մեկը» հրահանգել է տեղեկատվական «արտահոսք» կազմակերպել Ռուսաստանի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին ԱՄՆ-ի «պատասխանի» հարցով, Ամերիկայում ​​դեռևս համարում են, որ իրենք (ամերիկացիները) թքած ունեն ռուսների, ինչպես նաև ամբողջ աշխարհի վրա։ Արդեն գրել էինք, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Սալիվանը հունվարի 26-ին «ինչ-որ բան» է բերել ՌԴ ԱԳՆ, սակայն ոչինչ չի մեկնաբանել։ Եվ ահա ազդեցիկ «The New York Times» թերթը, հղում անելով Մոսկվային հանձնված փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին, բացահայտել է Վաշինգտոնի «պատասխան առաջարկների» մանրամասները։ Հրապարակումից հետևում է, որ ԱՄՆ-ը կտրականապես հրաժարվել է երաշխավորել ՆԱՏՕ-ի չընդլայնումը դեպի Արևելք։ Սակայն նրանք առաջարկում են «համաձայնել» միջուկային զենքի սահմանափակման հարցում։ Դա, իբր, կարող է պատճառ հանդիսանալ Միջին հեռահարության միջուկային ուժերի վերացման մասին պայմանագրի (INF Treaty) վերականգնման համար, որը դադարեցվել էր 2019թ.։ Ավելին, INF Treaty  դադարեցվել էր հենց ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների պատճառով, ի դեպ… ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները, ինչպես պնդում են հրապարակման զրուցակիցները, պատրաստ են նաև Ռուսաստանի հետ քննարկել զորավարժությունների փոխադարձ սահմանափակումները։ Մասնավորապես, առաջարկվում է դրանք անցկացնել սահմաններից հեռու, որպեսզի «զորավարժությունները չընկալվեն որպես հարևան երկրի վրա հարձակման նախապատրաստություն»։

Սակայն մենք նաև գրել ենք, որ բոլոր մակարդակներով Մոսկվայում նախապես հայտարարել են, որ նման պատասխան չի ընդունվելու. Ռուսաստանը պահանջում է պատասխան իր առաջարկներին, և ոչ թե «հակաառաջարկներ»։ Դա կնշանակի անվտանգության խնդիրը «շաղակրատելու» փորձ, համարել և համարում են Մոսկվայում։ Հատկանշական է, որ հունվարի 27-ին, այսինքն՝ Ռուսաստանի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «պատասխանների» ներկայացման հաջորդ օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուրքական NTV հեռուստաալիքով կրկին անդրադարձել է Ուկրաինայի թեմային և հաստատել թուրքերի հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշինքին. «Այժմ մենք ցանկանում ենք ներկա ճգնաժամի լուծումը գտնել երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Մենք շարունակում ենք և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային կառուցողական և զսպված պահվածք ցուցաբերելու կոչ անել։ Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջները»։ Այնուհետև թուրքը հերթական անգամ շատ ցավագին հարվածել է Ռուսաստանին և Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինին՝ պահանջելով «վերադարձնել Ղրիմը»։ Հավատարիմ իր «բազմավեկտոր մոտեցմանը»՝ Թուրքիայի ղեկավարը նման հայտարարությունից հետո չի վարանել Վ. Պուտինին հրավիրել այցելել Թուրքիա։

Եվս մեկ անգամ զարմանքով նշենք, որ, ըստ երևույթին, Պուտինին արդեն դուր է գալիս, որ թուրքը բացահայտորեն ծաղրում է Ռուսաստանին, անձամբ Պուտինին և նույնիսկ Ղրիմի Հանրապետության բնակչության կամքը, որը Ռուսաստանի անբաժանելի մաս է, ըստ ՌԴ Սահմանադրության։ ՌԴ նախագահը համաձայնել է այցելել Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Մասնավորապես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է․«Նախագահ Պուտինը երախտագիտությամբ ընդունել է այս հրավերը։ Եվ պայմանավորվել են, որ հենց ա) համաճարակային իրավիճակը, բ) ժամանակացույցերը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից»։ Ըստ երևույթին, նախագահ Պուտինը նաև երախտապարտ է Էրդողանին ՆԱՏՕ-ի հետ հավատարիմ դաշինքի ևս մեկ դրսևորման և Ղրիմի նկատմամբ թուրքերի ևս մեկ բավականին անկեղծ տարածքային հավակնությունների համար…

Ինչպես տեսնում ենք, իրավիճակը հեռու է կարգավորվելուց։ Եվ իրավիճակն էլ ավելի է շփոթեցնում… այո, մի զարմացեք՝ Մոսկվայի թուրքամետ քաղաքականությունը, որը նորից ու նորից չի կանգնեցնում Էրդողանին և մյուս «էրդողաններին» (օրինակ՝ Ուկրաինայից կամ Բալթյան երկրներից): Եվ այս պահին, և հենց Արևմուտքում, կարծիք է հնչում, որը ոչնչացնում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի բոլոր նախապատրաստությունները։ Սոհրաբ Ահմարին՝ «The American Conservative» (ԱՄՆ) ամսագրի խմբագիրը և Ֆրանցիսկյան համալսարանի Հասարակական էթիկայի «Վերիտաս» կենտրոնի հետազոտող, «Հրդեհից ջրի միջով. իմ ճանապարհորդությունը դեպի կաթոլիկ հավատք» (2019) և «Չկտրվող շարանը. Ավանդույթի իմաստության բացահայտումը քաոսի դարաշրջանում» (2021) գրքերի հեղինակը, որն այժմ աշխատում է Ամերիկայում՝ «Սեփականաշնորհված բռնակալության մասին» գրքի վրա, չդիմացավ Արևմուտքի կեղծիքին և ստերին: Համոզված ենք, որ Հայաստանի բնակչությանը օգտակար կլինի ծանոթանալ Ս. Ահմարիի հայտարարություններին։

Ամերիկյան վերնախավերը հերքում են այն իրականությունը, որտեղ իրենց կառավարության սխալները տեսանելի են՝ փորձելով ժողովրդական դժգոհությունը ներկայացնել որպես դրսից կազմակերպված նենգ դավադրություն, գրում է այս ամերիկացին։ Եթե ​​հանկարծ նայում եք շուրջը, և տեսնում նյութական և մշակութային անկման նշաններ և մտածում արևմտյան քաղաքակրթության դեգրադացիայի մասին, ապա «դուք դարձել եք կեղծ տեղեկատվության զոհ, որը Կրեմլի ապատեղեկատվական քարոզչական էկոհամակարգը նետել է համաշխարհային տեղեկատվական միջավայր։ Հենց այսպիսի տեսք ունի «տեղեկատվական թերթիկը» «Ռուսաստանի հինգ ամենադյուրին ապատեղեկատվական պատմությունները» փաստաթղթից, որը հրապարակվել է անցած շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից, նշում է Ս. Ահմարին։ Ինչպես նշում է նյութի հեղինակը, իհարկե, «փաստաթղթի» ոչ բոլոր կետերն են սխալ։ Փաստաթղթում ասվում է, որ Կրեմլը ներկայացնում է Ռուսաստանը որպես հավերժ զոհ, սպիտակեցնում է ԽՍՀՄ-ի հանցագործությունները և մեղադրում արևմտյան ռուսաֆոբներին Մոսկվայի նկատմամբ ցանկացած միջազգային թշնամանքի մեջ։ Սակայն կա նաև մի կետ, որ Ռուսաստանը տարածում է այն կեղծ պնդումը, թե արևմտյան քաղաքակրթությունը փլուզվում է և շեղվել է ավանդական արժեքներից։ «Արևմտյան քաղաքակրթության մահը ռուսական ամենահին ապատեղեկատվական պատմություններից մեկն է. «քայքայվող Արևմուտքի» մասին հայտարարությունները փաստագրվել են 19-րդ դարից,- մեջբերում է փաստաթուղթը Ս. Ահմարին։ – «Արժեքների» ապատեղեկատվական այս պատմությունն օգտագործում է անորոշ հասկացություններ, ինչպիսիք են «ավանդույթները», «ընտանեկան արժեքները» և «հոգևորականությունը»: Ռուսաստանը պնդում է, որ հանդիսանում է այսպես կոչված ավանդական արժեքների և գենդերային դերերի պատվար և ծառայում է որպես բարոյական հակակշիռ ԱՄՆ-ի և Արևմուտքի «դեկադենտությանը»: Օրինակ՝ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքը գործնականում վերացրել է «մայր» և «հայր» հասկացությունները՝ դրանք փոխարինելով «ծնող 1 և 2»-ով, իսկ արտգործնախարար Լավրովը գրել է, որ արևմտյան երեխաներին «դպրոցում սկսում են սովորեցնել, որ Հիսուս Քրիստոսը բիսեքսուալ էր: Ապացուցելու համար, որ «Ռուսաստանը ստում է», ԱՄՆ պետդեպարտամենտը երկու օրինակ է բերել, գրում է Ահմարին։ Այնուամենայնիվ, անցած տարի ամերիկացի դեմոկրատներն իրենք են փոփոխել Ներկայացուցիչների պալատի հիմնական կանոնները՝ հեռացնելով այնպիսի «գենդերային» հիշատակումները, ինչպիսիք են հայրը, մայրը, որդին, դուստրը, եղբայրը, քույրը, հորեղբայրը, մորաքույրը, զարմիկը / քույրը, եղբորորդին, զարմուհին, սկեսրայր / սկեսուր, փեսա, հարս, խորթ հայր, խորթ տղա, խորթ դուստր, խորթ եղբայր, խորթ քույր, խորթ եղբայր, խորթ քույր, թոռ, թոռնուհի։ Թարմացված հիմնական կանոնների համաձայն՝ նման իրավախախտման լեզուն փոխարինվել է հետևյալով. ծնող, զավակ, ծնողներից մեկի զավակ, զարմիկ, ծնողներից մեկի երեխայի զավակ, ամուսին, ամուսնու ծնող, ծնողներից մեկի ամուսին. երեխաներ, ամուսիններից մեկի ազգական, խորթ ծնող, խորթ զավակ, խորթ ծնողի զավակ, կիսաազգական կամ երեխաներից մեկի զավակ…

Ավելին, նույն ԱՄՆ պետդեպարտամենտը, որը հրապարակել է ապատեղեկատվության մասին «տեղեկատվական թերթիկը», որը հերքում է «հոր» և «մոր» դեմ պայքարը, ընդամենը 10 տարի առաջ ամերիկյան անձնագրերում «մայրը» և «հայրը» փոխարինել են գենդերային- չեզոք ձևակերպումներով. «Էլ չենք խոսում արևմտյան լրատվամիջոցների անվերջ հոդվածների մասին, որոնք հիանում են առնանդամներով «մայրիկներով» և առանց առնանդամի «պապաներով»: Արևմտյան «ապատեղեկատվության մարտիկները» կարող են ջարդվել. Պուտինը ճշմարտությունն է ասում»,- գրում է «The American Conservative»-ի խմբագիրը։ Ինչ վերաբերում է Լավրովի այն հայտարարություններին, թե արևմտյան մանկավարժները գնալով ավելի շատ են բնութագրում Հիսուս Քրիստոսին որպես բիսեքսուալ, ապա այստեղ էլ սուտ չկա։ Ռուսաստանի արտգործնախարարի պնդումները հաստատելու համար Կրեմլը բերեց Շոտլանդիայի ուսուցիչների արհմիության օրինակը, որը որոշեց բեմ հանել Ջո Քլիֆորդի «Հիսուսի ավետարանը, դրախտի թագուհին» պիեսը. մի տղամարդու, որն իրեն կին է ներկայացնում և Հիսուսին ներկայացնում որպես տրանս-կին: Ինչպես նշում է Ահմարին, ռուսները կարող են բերել նաև աստվածաբան Թացյոնգ Բենի Լյուի օրինակը, որը, ըստ Inside Higher Ed-ի, իր «գիտական» աշխատության մեջ առաջարկել է, որ «Նոր Կտակարանի որոշ գրություններում Հիսուս Նազովրեցին կարող է դիտվել որպես կանացի կերպար, իսկ ոմանց մոտ՝ նույնիսկ որպես տարօրինակ ցանկություններով տրանսվեստիտ։ Այսօր արևմտյան աշխարհը փորձում է համոզել մարդկանց, որ եթե ընդհանուր բնակչությունը դժգոհ է տնտեսությունից, մշակութային և քաղաքական համակարգից, ապա դա իբր այն պատճառով է, որ նրանք Կրեմլի վարձատրվող գործակալներն են կամ՝ իր իսկ «օգտակար ապուշները», և ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները չեն կարողանում կատարել իրենց առաջադրանքները, նշում է Ահմարին։

«Ինչո՞ւ Միչիգանի, Փենսիլվանիայի և Վիսկոնսինի ընտրողները քվեարկեցին Թրամփի օգտին: Արդյո՞ք դա ռուսական ֆեյսբուքյան նկարների պատճառով է, և ոչ թե այն պատճառով, որ նախկին ռեալիթի հեռուստահաղորդավարն արձագանքել է ներգաղթի, աշխատանքի և աշխատողների աշխատավարձի վերաբերյալ նրանց մտահոգություններին: Քիչ հավանական է։ Ինչո՞վ էր պայմանավորված ֆրանսիական «դեղին բաճկոնների» կատաղությունը 2018 թ.:  Դուք կռահեցիք. ռուսական ապատեղեկատվություն, ոչ թե նախագահ Էմանուել Մակրոնի վատ, հիմար, կանաչ քաղաքականությունը, որը բարձրացրեց գազի գները գյուղացիների և բանվոր դասակարգի համար: Ինչո՞ւ են շատ մարդիկ Արևմուտքում զգում, որ քաղաքակրթությունը փլուզվում է, և նրանք սուզվում են հակա-ուտոպիայի մեջ: Մի մեղադրեք ֆինանսական անհավասարությանը, գնաճին, իրարանցմանը, հակաավանդական արժեքներին, քննադատական ​​ռասայական տեսությանը, գենդերային խելագարությանը, մշտական ​​COVID ռեժիմին: Այդ ամենը բարդեք-մեղադրեք Սանկտ Պետերբուրգի տրոլների գործարանի վրա և վերջ»,- գրում է «The American Conservative»-ի խմբագիրը։ Նրա եզրակացությունը մահվան դատավճիռ է, այդ թվում՝ նաև նրանց համար, ովքեր տարբեր երկրներում «պայքարում են արևմտյան ժողովրդավարության համար». «Պուտինն իրավացի է. Արևմուտքը դեգրադացիա է ապրում»…

Մտածեք, Հայաստանի քաղաքացիներ։ 2018 թվականից ի վեր «ասֆալտային  հեղափոխականները» ձեզ տանում են հենց դեպի այս դեգրադացիան, որը ճանաչեց ամերիկացի գիտնականն ու գրողը։

Սերգեյ Շաքարյանց