Իրանը զգուշացնում է ԻԼԻՊ-ի վերակազմավորման մասին
Բելգիայում ու ԵՄ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամի՝ ռազմականից քաղաքականի անցնելու ճանապարհին պետք է զգոն լինել ԻԼԻՊ և այլ թաքֆիրիական խմբավորումների վերակազմավորման հարցի նկատմամբ: Այս մասին գրում է Pars Today-ը:
Երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած «Աջակցություն Սիրիայի և տարածաշրջանի ապագային» խորագրով խորհրդաժողովի հինգերորդ նստաշրջանում, Ղոլամհոսեյն Դեհղանին հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամը մուտք է գործում տասներորդ տարին: Նա հավելել է, որ դա վկայում է, որ միջազգային հանրությունը չունի կամք՝ միջազգային իրավունքի հիման վրա և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով՝ այս հարցը լուծելու:
«Սիրիայի ճգնաժամի սկզբից Իրանն ընդգծել է այն քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային օրենսդրությանը, և Սիրիայի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի առանց արտաքին միջամտության՝ որոշել իր երկրի ապագան ու վերջ դնել ճգնաժամին»,- ասել է Բելգիայում Իրանի դեսպանը։

