Որ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի հսկա հատված ձայն չի տա այսօրվա վարչապետին․ Նաիրի Հոխիկյան

Հայաստանի ներքաղաքական հարթակում, ըստ իս, կուլիսային սցենար է իրագործվում․

Գլխավոր Շտաբի պետը հեռանում է բանակից՝ ստանձնելով ընդդիմադիր դաշտի առաջնորդներից մեկի դերը։

Նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող քննարկման արդյունքում, հնարավոր է, հայտարարվի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի գահից՝ պայմանավորվածությամբ, որ վարչական լծակներ չունեցող նախկին վարչապետը չի հետապնդվի Արցախի 73%-ի և ՀՀ որոշ տարածքների կորստի համար։

Նշանակվում է արտահերթ ընտրություն, որի մրցավազքին մասնակցում են մեծ ու փոքր քաղաքական կառույցները՝ 130 տարեկանից մինչև 2 օր առաջ ստեղծված։

Պատկերացրեք, թե ինչպիսի խոստումների տարափ է սպասվում հայ ընտրողներին՝ Թուրքիայի հետ բաց սահմաններով ու հարուստ ապրելուց մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին ձեռնտու հիմա անցկացնել արտահերթ ընտրություն։ Դրա հիմնական պատասխանն այն է, որ դեռևս հանրության մի ստվար զանգված, մոտ 20-25%, զգացմունքային ֆոնի վրա համակրում է ՔՊ-ի առաջնորդ Փաշինյանի կերպարը՝ նրա մեջ շարունակելով տեսնել փրկչին։ Եթե ընտրություն լինի ավելի ուշ, օրինակ՝ աշնանը, ապա Փաշինյանի 25% ընտրազանգվածը կդառնա լավագույն դեպքում 10%, քանի որ օրեցօր վատթարացող վիճակի համար մարդիկ կսկսեն պատասխան պահանջել հենց իրենց կուռք վարչապետից, մարդիկ ավելի ռացիոնալ կնայեն իրողություններին, որքան էլ Նիկոլ Փաշինյանը սեր խոստովանի հանրությանը և ամեն ինչի մեղավոր համարի «նախկիններին»։

Փողոց դուրս եկած ընդդիմությանը այնքան էլ ձեռնտու չէ, որ հիմա լինի ընտրություն, քանի որ Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական հայտարարությունների հետևանքով մարդիկ եթե նույնիսկ չեն վստահում իշխանությանը, ապա գոնե չեն համակրում նաև ընդդիմությանը, հետևաբար փոքրանում է այս պահին ընտրություններում հաղթելու հավանականությունը։ Որքան ուշ լինի ընտրությունը, այնքան շատ մարդ կդժգոհի Նիկոլ Փաշինյանից, հետևաբար ընդդիմության համար ավելի շատ ձայն ստանալու հնարավորություն կստեղծվի։

Ընդդիմության համար հաղթելու մեծ շանս կլինի, եթե ՀՀԿ-ն հայտարարի առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի հսկա հատված ձայն չի տա այսօրվա վարչապետին։

Նաիրի Հոխիկյան