Սա է երկրի կառավարման որակը․ Էլինար Վարդանյան
Պետական կառավարման մարմինների մեկ ժամվա ընթացքում արված երկու տարբեր հայտարարություն՝ փոփոխված, խմբագրված, պարզ ցույց են տալիս, թե ինչ որակի կառավարում ունի երկիրը։
- Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում սկզբում հանրապետության նախագահին կոչ է անում, իսկ հետո խմբագրելով իր հայտարարությունը առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը։
Սա այն անվտանգության խորհուրդն է, որ պատերազմի սկզբից ի վեր իմանալով, որ երիտասարդներին տանում են անխոսափելի մահվան, ոչինչ չարեց կանխելու այդ ոճրագործությունը. այն անվտանգության խորհուրդն է, որին նախազգուշացնում էին, որ պատերազմը անհապաղ պետք է դադարեցվի, իր մեջ համարձակություն չգտավ քայլեր ձեռնարկելու։ Ձեր անգործության և անպատասխանատու վարքագծի պատճառով էր նաև, որ մենք ունեցանք հսկայական մարդկային և տարածքային կորուստներ։
Միգուցե այն ժամանակ Անվտանգության խորհուրդը կոչ աներ վարչապետին, կամ գոնե առաջարկեր օր առաջ կանգնեցնել պատերազմը։
Այսօրվա կոչերի կամ առաջարկների իրավունքը դուք չեք վաստակել։
- Վարչապետի խոսնակը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Երկրի կառավարումը գյուղի կլուբի կառավարման մակարդակի իջեցրած վարչապետին ինչ էին զեկուցում առանց զրահաբաճկոն և սաղավարտ տղաներին բայրաքթարների դեմ ուղարկելուց, 44 օր հանրության մոլորեցնելուց, Արցախի և Հայաստանի անվտանգության համակարգը վերջնական փլուզելուց։ Այն ժամանակ փաստերի և տվայլների ինչ համադրություն էր տեղի ունենում։
Ու այս մակարդակով երկրի վարչապետն ու իր շրջապատը երեք տարի է կառավարում են երկիրը։ Սա է իրենց կառավարման որակը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

