Մի խումբ ծնողներ Երևանի քաղաքապետարանի դիմաց պահանջում են վերսկսել մանկապարտեզների ընդունելությունը
Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ ծնողներ փետրվարի 8-ին բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով հստակություն, թե երբ են մանկապարտեզներում վերսկսվելու ընդունելությունները: Բողոքող ծնողներից մեկը նշեց, որ մեկ տարի կարանտինային ռեժիմում սպասելով՝ ծնողները համբերել են, սակայն քաղաքապետարանը հստակ բան չի ասում:
«Մանկապարտեզներում ընդունելությունը չեն կազմակերպում, ամեն տեղ դիմել ենք՝ քաղաքապետարան, համայնքապետարան, մանկապարտեզներ, բոլորը տարբեր պատասխաններ են տալիս, տարբեր ժամկետներ են ասում ու չեն կանչում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից Լուսինե Սարգսյանը:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյաննը մոտեցավ ծնողներին և ասաց, որ քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է այդ խնդրին, այլև քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու համար:
«Անցած տարի համավարակի պատճառով ընդունելություն չի եղել և մինչև օրս ընդունելություն չկա, ինչպես նաև մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակում է մտցվել: Երևանի քաղաքապետարանը հետևում է բացառապես Կառավարությունից եկող ցուցումներին»,- ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները և համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ՝ այս հարցին լուծում տալու նպատակով, հասկանալով շատ աշխատող ծնողներ երեխաներին թողնելու տեղ և հնարավորություն չունեն:
Ծնողներից մեկն արձագանքեց, որ պատասխանն իրեն չգոհացրեց, քանի որ այդ խոսքերն արդեն նախկինում լսել են, բայց ամենակարևոր հարցն այն է, ամեն ծնող հնարավորություն չունի մասնավոր մանկապարտեզ տանելու, իսկ պետականի համար դիմած ծնողները ստիպված են լինում տարիներ սպասել:

