ԴԱՏԱՎՈՐԸ․ Գ․Իսագուլյանի նամակը «Վարդաշեն» Ք․Կ․Հ-ից
Անսխալական միայն Տերն Ինքն է։
Ինքն է միակ արդար դատավորը, որ Դատաստանի օրը պիտի դատի մեզ՝ մեղավորներիս։ Միակը, Ով Մարդացած է, որ դատի Ինքն Իրեն, ցույց տալու մեզ՝ մեղավորներիս, որ Աստվածային Օրենքները կատարյալ են, որ մարդը կարող է ապրել այդ Օրենքներով ու Աստվածանալ՝ Աստծո կողքին բազմելով մինչև դատաստան։
Իսկ դուք, դատավորներ, որ մեղավոր եք արդեն իսկ ադամական մեղքով և դատում եք այլոց մարդակերտ օրենքներով, ասացեք խնդրեմ․
Դուք գեթ մեկ անգամ դատե՞լ եք ինքներդ ձեզ, թե չեք էլ գիտակցում, որ երբ նստում եք Զինանշանի տակ դրված աթոռին, արդեն ոչ թե դատավոր եք, անձ, այլ դատարան, իսկ ձեր անձը հենց նա է, ում դատում եք։
Դե ասացեք՝ գեթ մեկ անգամ ձեր խիղճը ընդվզե՞լ է ձեր դեմ, որ դուք չունեք այդ գիտակցումը, որ մեղք եք գործում, երբ ձեր անձն եք համարում դատարանը, նույնն է, թե Աստված, ով տնօրինում է այլոց ճակատագրերը։
Չէ, մեկ է, չեք հասկանա, ձեզ պետք է ավելի պրիմիտիվ, ավելի պարզ բացատրել Աստվածային օրենքներից, դատից ու դատաստանից․․․ հետո, մեկ այլ առիթով։
Մարդակերտ օրենքները, եթե ցանկանում ենք, որ համեմատաբար ճիշտ աշխատեն և դատավորները համեմատաբար ավելի անկախ լինեն, օրենսդիրը պետք է օրենք ընդունի դատավորների ընդունած որոշումների, վճիռների ու դատավճիռների մասին առ այն, որ եթե դրանք փոփոխության ենթարկվեն կամ բեկանվեն, ապա դատավորը ինքը պետք է կրի սխալ որոշման, վճռի կամ դատավճռի հետևանքները․ օրինակ՝ եթե դատավորի սխալ կայացրած դատավճռով անձը դատապարտվել է 10 տարի ազատազրկման, ենթարկվել է կալանքի և այլն, և այլն, ապա տվյալ դատավորը պետք է կրի իր սխալ կայացրած ակտի հետևանքները և իր կայացրած դատավճռով կրի 10 տարի ազատազրկումը։
Ստացվում է, այսպիսով, որ ցանկացած դատավոր, որ նստում է զինանշանի տակ դրված աթոռին ու դառնում է դատարան, ապա ինքը պետք է գիտակցի, որ իր որոշումը, վճիռը կամ դատավճիռը կայացնում է նախ և առաջ իր նկատմամբ։
«Վարդաշեն» Ք․Կ․Հ․
24․12․21թ․

