«Աէրոֆլոտ»-ը Բելառուսի պատճառով կարող է ենթրակվել ԵՄ պատժամիջոցների

Եվրամիությունը դիտարկում է դեկտեմբերի սկզբին «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ անանուն պաշտոնյային։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ բացի «Աէրոֆլոտից», պատժամիջոցների տակ կարող է հայտնվել նաև թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը։ Եվրամիությունը կարծում է, որ այդ ընկերությունները զբաղվում են Մերձավոր Արևելքից Մինսկ միգրանտների տեղափոխմամբ, որոնք հետո փորձում են հատել Լեհաստանի հետ սահմանը։

Պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։

Ավելի վաղ չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ը մտադիր են ընդլայնել Բելառուսի նկատմամբ նախկինում կիրառված պատժամիջոցները, և սահմանափակումների կենթարկվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։