Տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացիները վճարելով կարող են անցնել ադրբեջանական մաքսակետերով․ Արմեն Գրիգորյան

Քաղաքացիները հնարավոր վճարի դեպքում կարող են անցնել ադրբեջանական մաքսակետերով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով հարցին՝ թե ՀՀ քաղաքացին Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական հենակետերով ի՞նչ ընթացակարգով է անցնելու, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, Ադրբեջանը դեռ ընթացակարգի մասին չի տեղեկացրել։

«Բայց տրամաբանությունը հուշում է, որ կարող է վճար լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել, բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, որն արդեն կառուցված է, Տաթև-Կապան ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, բացված է, ապա բնականաբար քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որ օգտագործեն այդ ճանապարհը»,-ասաց նա։