3 օր է՝ մեր թաղամասը ենթարկվում է ոստիկանական ահաբեկչության. «Ֆիզգորոդոկի» բնակիչ․ NEWS.am (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընկերություն է անում կառուցաքանդողի հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, քաղաքապետարանի դիմաց ասաց Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչը։
Նշենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչները և այլ քաղաքացիներ խաղաղ ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի առջև։
Հիշեցնենք, որ այդ հասցեում ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20 և 21-ին բնակիչների ու ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։
«Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը, որը 2,5 տարի է՝ անպատասխան է թողնում մեր նամակները, ընկերություն է անում կառուցաքանդողի հետ, սակայն մի անգամ չի պատասխանել մեր նամակներին։ Նա այսօր նույնպես չի մասնակցում հանդիպմանը։ Պարոն Մարության, պատուհանից դուրս նայեք և ամաչեք, որ երեխաները, կանայք արևի տակ կանգնած են։ Այսքան ժամանակ դուք մեզ չեք այցելել, մենք ենք այցելել։ Հիմա վախենում եք դուրս գալ և նայել ձեր քաղաքացիների աչքերին։ 3 օր է՝ մեր թաղամասը ենթարկվում է ոստիկանական ահաբեկչության, ունենք տուժած անչափահասներ, տարեց մարդիկ»,- հայտարարեց բնակիչներից մեկը։
NEWS.am-ի տեսանյութը

