Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են

Հուլիսի 14-ից Տավուշ ամրոցի տարածքում  հնագիտական պեղումները վերսկսվել են: Այս մասին հայտնում է Բերդի համայնքապետարանը:

Աշխատանքները մեկնարկել էին  նախորդ տարի և դադարեցվել 44-օրյա պատերազմի պատճառով: Պեղումներն իրականացնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես  ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել», – ասել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:

Միջնաբերդի պարսպին կից հատվածում բացվել են սենյակներ:

«Հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը(հավանաբար 12-13-րդ դդ): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»,- հայտնել է նա:

Գիտաշխատողները նշել են, որ սպասելիքները մեծ են:

«Պետք է նշեմ, որ տարածքում նաև ամրակայման աշխատանքների անհրաժեշտություն կա: Մենք ներկայացրել ենք խնդիրը: Մասնակի ամրակայման աշխատանքների  դեպքում  կարող ենք ընդլայնել նաև պեղման աշխատանքները: Եթե ամեն ինչ ընթանա բնականոն հունով, առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեր   պատկերացումներն ամրոցի մասին էականորեն  կփոխվեն,  կհամալրվեն նոր տեղեկություններով»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը:

Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումներն  իրականացվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ: