Ի՞նչ բարդ, զգայուն, սուր որոշումների մասին է խոսքը
ա). Նախ`Սյունիքի մասին. Սյունիքում խնդիրները բազմաշերտ են՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, միջհարևանային, գեոքաղաքական, ներքաղաքական, հանքարդյունաբերական, վրեժխնդրական ու այդպե՜ս շարունակ։ Ընդ որում, լուծել դրանք այս պահին՝ գրեթե անհնար է:
Ռուսաստանն շտապում է, ԱՄՆ-ը՝ ոչ, սակայն որոշակի քայլեր է ձեռնարկում, դրանից խնդիրներն էլ ավելի են սրվում։
Սյունիքի առաջնահերթ «ցավոտն ու սուրը» հետևյալն է. ով է վերահսկելու կոմունիկացիոն ուղին, այն է` «միջանցքը»: Ոզնուն իսկ հասկանալի է, որ որքան էլ հայոց չկայացած չինովնիկներն ասեն՝ միջանցք չկա, կա ընդամենը կոմունիկացիա, ողջ բազարը միջանցքի տնօրինության խնդիրն է։ Որն էլ ավելի սրվեց՝ աֆղանական զարգացումներից հետո` Աֆղանստանից ԱՄՆ-ը դուրս գալուց, այնտեղ Թուրքիային ժանդարմ նշանակելուց հետո:
Գաղտնիք չէ՝ թուրքական ողորմածությանը հանձնված Աֆղանստանից թալիբները Թուրքիո թեթև ձեռով կանցնեն այդ «միջանցքով» դեպ Կենտրոնական Ասիա՝ խառնելու Ռուսիո և չինական փորատակը՝ սպասարկելով արևմտյան՝ Մեծ Մերձավոր Արևելք բժեժինսկյան երկարատև գործընթացը… չնայած առերևույթ` Թուրքիո նկատմամբ Թալիբանի անհանդուրժողականությանը:
Բա սուր ու բարդ չի՞ գործընթացը Պուտինի համար, որն այս ամենի ներքո գնում է Պետդումայի ընտրությունների… բարդ է:
Նիկոլ Փ-ն շատ լավ հասկանում է այս ամենը. սպասում է մասամբ թուլացած (ասում են ՝ Պուտինը լուրջ հիվանդ է) Պուտինի ֆիասկոյին այդ ընտրություններում` վասն Արևմուտք ու յոլդաշ Թուրքիա…
Նկատենք` այս օրերին ոտքի վրա է նաև Արևմուտքը. ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հեռախոսազրույց ունեցավ Նիկոլ Փ-ի հետ, Մակրոնը պատրաստվում է այցելել Հայաստան:
Ասել է` ԵԱՀԿ համանախագահ, Շուշի չայցելած երկրների արևմտյան հատվածը փորձում է ակտիվանալ, ինչ արդյունքով՝ կերևա առաջիկայում, սակայն ինչ եղավ դրանից կոնկրետ. տես` «ցավոտ խնդիրներ» Երասխում, ուր ազերիների կողմից փորձ արվեց Քյարքիի կողմից առաջխաղացում ապահովել, զոհ ունեցանք… Սև լճի մոտ էլ` երկու անզեն գերի:
Գերտերությունները շարունակում են մեսիջներ փոխանակել մեր գետնի վրա… ով` ինչպես:
բ). Ինչ կլինի՝ իսկապես շատ բարդ է ասելը։ Հայաստանն այս ամենում փայ չունի, որբի գլուխ է՝ ով հասնում՝ խուզում է։ Խոսվում է անկլավ, պրոտեկտորատ դառնալու, միութենական համատեղ ապագայի մասին, փորձագետների մի մասն էլ նույնիսկ՝ պատերազմի։
Ի դեպ. Յուրոփն էլ պատրաստվում է միլիարդ տալ Հայաստանին։
Շան գլուխն այլ տեղ է։ Հասանք հաջորդ դավոտ ու սուր խնդրին: Պղնձամոլիբդենային հանքին… մի կողմ թողնենք Սյունիքի սպասվող կորստի և մնացյալ ցավոտ խնդիրները, դառնանք ամենազգայունին՝ հանքային հեղափոխության «հմայքներին»։
Գաղտնիք չէ, ասել ենք` այս հեղափոխությունը անվանվում էր ոչ միայն «թավշյա», այլև՝ «հանքերի հեղափոխություն». ըստ որոշ տվյալների՝ պղնձամոլիբդենայինում կա տրիլիոնների հասնող ուրան (Ամուլսարում նույնպես ուրանը գերակշիռ է), ուստի Յուրոփի միլիարդը միզեր է՝ ապագա գործարքների համար, դա է նաև պատճառը, որ ազգի կլոուն Նիկոլ Փ-ն թաթը գցել է գործարանին՝ փորձում է այն չանթել սեփականատերերից:
Նկատենք, որ տևական ժամանակ է՝ խտանյութ չի արտահանվում Հայաստանից` միլիոնների վնաս պատճառելով երկրին, ուժայինները գործարանից տուն չեն գնում…
Հաջորդիվ`
գ). Ամենացավոտը, ամենակեղեքիչն այս ամենում, սակայն, սահմանազատման, սահմանահաստատման, անկլավների խնդիրն է… ինչն ուղղակի լուծել հնարավոր չի լինի, եթե հայոց մեջ գեթ քիչ երկրի զգացում մնացած լինի այս իշխանությունների մոտ։
Ավաղ։
Բոլոր դեպքերում, պրոցեսն անցավ չի անցնելու՝ անկախ ամեն ինչից։
Ըստ ամենայնի, այս ցավոտ արարի բուն գործողությունները նույնպես կընթանան ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո, երբ քաղաքական վերադասավորությունը ավելի հստակ կլինի մայր֊-Ռուսաստանի համար և լոտերը նորովի կբաժանվեն:
Մինչ այդ՝ իշխանությունների համար կարևոր կլինի` «մեր սիրտ, քո կարմիր տրուսիկով» ժանյակավոր՝ պողպատե մուրճը խփել Սյունիքի (ոչ միայն) համայքապետների ճակատին, ասել՝ դա բռնություն- ահաբեկություն չէ, ՍԴ-ն ձայնակցի՝ այոոո՜, արժանի են նրանք ասֆալտին փռվելու, սիրտ հովացնել, բոլորին հոգեբանորեն նախապատրաստել Արցախից հետո՝ Սյունիքի հանձնմանը, վայելել դրա պտուղները՝ աննահանջ, ինչպես «վայելվում է» Արցախը հանձնելու պտուղները… ե՞րբ… Աստված գիտի…
Էս են մեր «ցավերը»…
Կարմեն Դավթյան

