Ծեծկռտուք, քաշքշուկ Վրաստանի խորհրդարանում (տեսանյութ)
Լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ՝ հանդիպում պահանջելով պատգամավորների հետ, հայտնում է «Սպուտնիկի» վրացական ծառայության թղթակիցը:
Օրենսդիր մարմնում քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաընկերության հիմնադիր Վաթո Ծերեթելին որոշել է մտնել նիստերի դահլիճ:
Խորհրդարանի խոսնակի տեղն են զբաղեցրել ընդդիմության ներկայացուցիչներ Թինաթին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Կեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի և Եվրամիության դրոշները: Նրանք ամբիոնից պահանջում են կառավարության հրաժարականը: Անվտանգության աշխատողները փորձում են ընդդիմադիրների մի մասին դուրս հանել դահլիճից: Խորհրդարանի լիագումար նիստը տապալվել է:
«Դա կանխամտածված սադրանք էր: Նրանք (ընդդիմությունը – խմբ.) սրան էին ձգտում երկար ժամանակ», – ասել է իշխող «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Շալվա Պապուաշվիլին:
Նախքան խորհրդարան մուտք գործելը լրագրողները համատեղ հայտարարություն են տարածել, շեշտելով, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝ պահանջելով կառավարության հրաժարականը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ: Պատճառը «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահն էր. տղամարդը մահացել է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ վեցերորդ օրը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին:

