Հայաստանում հետևողականորեն կտրում են այն անվտանգային ճյուղը, որի վրա նստած ենք, եթե հասցնեն ավարտին, գայլերի դեմ կհայտնվենք միայնակ

Կատարվածի սուր սլաքը ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի դեմ է ուղղված

 

Ինչպես Հայաստանում փաստերի հետ հաշվի նստելու, մտածելու, տրամաբանելու, վերլուծելու բավարար ունակություն ունեցող յուրաքանչյուրը, այնպես էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և այլ պաշտոնյաներ շատ լավ հասկացել են, որ ադրբեջանական զորախմբերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշակի տարածքներ զավթել և այնտեղից առ այսօր չեն հեռանում ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա իշխանության համապատասխան պաշտոնյաների պետական դավաճանության ու թողտվության արդյունքում:

Հուսով եմ, ՀԱՊԿ-ում հասկացել են նաև, որ կատարվածի սուր սլաքն ուղղված է ոչ միայն Հայաստանի, նրա ազգային անվտանգության ու բնակչության, այլև կազմակերպության դեմ` նպատակ ունենալով վարկաբեկել, հեղինակազրկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և, ի վերջո, հասնել ՀԱՊԿ-ից Հայաստանի հրաժարվելուն` այն համարելով անգործունակ մարմին:

Քանի որ Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվածը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի դրսևորում է, նրա տարածքային ամբողջականության խախտում, ՀՀ տարածքի մի մասի բռնազավթում,  բնականաբար, հարց է առաջանում, թե Հայաստանն ինչո՞ւ է ՀԱՊԿ-ի դիմել «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի ոչ թե 4-րդ, այլ 2-րդ հոդվածով։

Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում համակարգելու դաշինքի անդամ երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանը դիմել է այն հիմքով, որ առաջացել է այդպիսի սպառնալիք, մինչդեռ իրականում ոչ թե սպառնալիք էր առաջացել, այլ կատարվածը հենց ՀՀ տարածքային ամբողջականության խախտում էր, ագրեսիա մեր պետության նկատմամբ և նրա տարածքի մի մասի բռնազավթում:

Հարկ է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ն վերոնշյալ պայմանագրի որևէ խախտում թույլ չի տվել. խորհրդատվությունների մեխանիզմը գործի է դրվել, խորհուրդ է տրվել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, և այդ առումով դիմող պետությանն աջակցություն է ցուցաբերվել: Ընդգծում ենք, որ պայմանագրի 2-րդ հոդվածում նշված աջակցություն ցուցաբերելու դրույթը բնավ չի նշանակում, թե այդ աջակցությունը պարտադիր պետք է լինի ռազմական:

Մինչդեռ եթե Հայաստանը կատարվածը համարեր մեր պետության նկատմամբ ագրեսիա ու նրա տարածքի մի մասի բռնազավթում, ՀՀ տարածքային ամբողջականության խախտում ու ՀԱՊԿ-ին դիմեր նույն պայմանագրի 4-րդ հոդվածով, բոլորովին այլ իրավիճակ կառաջանար:

«Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի հարավում իրավիճակի սրումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, գնահատել է որպես «սահմանային միջադեպ»:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, (անդամ երկրներից մեկի վրա) հարձակման դեպքում,- հայտարարել է նա:- Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ»:

Քանի որ սահմանային միջադեպն իր մեջ կարող է պարունակել սպառնալիք, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է հենց սպառնալիքի առաջացման հիմքով (պայմանագրի 2-րդ հոդվածով), Զասն այս գնահատականն է տվել և, ըստ էության, պատասխանը` ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումի: Այսինքն` եթե դուք ձեր պետության նկատմամբ կատարվածն ագրեսիա ու տարածքի բռնազավթում չեք համարում, այլ ընդամենը սպառնալիքի առաջացում, ՀԱՊԿ-ն կամ ես էլ ագրեսիա ու տարածքի բռնազավթում չենք համարում, այլ ընդամենը` սահմանային միջադեպ, որը չի հակասում Հայաստանի դիմումում նշված սպառնալիքի առաջացմանը, քանի որ, ինչպես արդեն նշեցի, սահմանային միջադեպն իր մեջ կարող է պարունակել և սպառնալիքի առաջացում:

ՀՀ անվտանգության խորհրդի տեղեկացմամբ, երեկ` հուլիսի 5-ին, տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ ինքնիշխան տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Հետաքրքիր է, թե իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված այդ ի՞նչ կառուցողական ջանքերի մասին է ասել Գրիգորյանը, որոնք Զասի ձևակերպումներով իբրև հարվածի սպառնալիքի տակ են դրվել… Դե, իհարկե, դժվար թե բարեհաճի պարզաբանել…

Բայց սա չէ հիմնականը, որի վրա ուզում ենք ուշադրություն հրավիրել, այլ այն, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին սխալ գնահատական (սահմանային միջադեպ) տալու մեջ, ըստ էության, մեղադրած, նման որակումն անթույլատրելի համարած ՀՀ ԱԽ քարտուղարը հենց ինքն է կատարվածին սխալ գնահատական, որակում տվել` «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ»: Ի՞նչ փորձ, երբ կատարվածը և առկա իրավիճակը ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասի ակնհայտ բռնազավթում են, ՀՀ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում: Բնականաբար, հարց է առաջանում` երբ ինքդ ճիշտ գնահատական չես տալիս կատարվածին, ինչ ես պահանջում դիմացինից…

Վերոնշյալ պետական դավաճանության, ՀԱՊԿ-ին պայմանագրի ոչ թե 4-րդ, այլ 2-րդ հոդվածով դիմելու, քաղաքական ու տեղեկատվական ասպարեզներում հայտնի հայտարարությունների (այդ թվում նաև` Նիկոլ Փաշինյանի) ու քարոզչական մանիպուլյացիոն հնարքների կիրառման առաջին կամ այժմյան փուլի նպատակը ՀԱՊԿ-ի (նաև` Ռուսաստանի) վարկաբեկումն է, Խաչատուրովի հետ կապված հայտնի սկանդալից հետո կազմակերպության հետագա հեղինակազրկումը և, ի վերջո, ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից Հայաստանի հրաժարվելը, որով Հայաստանը կա՛մ անպաշտպան կդարձվի գայլային նկրտումներ ունեցող Թուրքիա- Ադրբեջան տանդեմի առջև, կա՛մ կվերածվի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ոտքի տեղի ընդդեմ Ռուսաստանի, ինչպես, օրինակ, Ուկրաինան ու Վրաստանն են:

Բայց սա միայն Հայաստանի կործանման սպառնալիքը չէ, որ պարունակում է…

Իրադարձությունների վերոնշյալ սցենարով զարգացման դեպքում լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվում նաև Ռուսաստանը: Երբ Հայաստանի և Ռուսաստանի թշնամիներն ամբողջությամբ իրենցով կանեն Անդրկովկասը, հաջորդները, որոնց տիրելուն գործնականում կանցնեն կամ առնվազն կփորձեն անցնել, կլինեն Ղրիմը, Կովկասը, Միջին Ասիան…

Հատկանշական է, որ Զասի հիշյալ հայտարարությունից հետո պրոիշխանական, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանին սպասարկու, ինչպես նաև իրենց պորտալարով Արևմուտքի հետ կապված բազմաթիվ ԶԼՄ-ներ մի նոր թափով են անցել ՀԱՊԿ-ի, նրա գլխավոր քարտուղարի, Ռուսաստանի ու ՌԴ նախագահի վարկաբեկմանը: Սա մեծագույն սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ, բայց մենք ԱԱԾ, ըստ էության, չունենք, այն հիմնականում միայն անունով է այդպիսին:

Ամբողջ խնդիրն այն է, թե Ռուսաստանը ե՞րբ կհամարի կամ մի օր ընդհանրապես կհամարի՞, որ ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն ու նրա իշխանությունն արդեն հատել են կարմիր գիծը, կլինի՞ արդյոք ՌԴ վերաբերմունքն իր թշնամիների հանդեպ այնպիսին, ինչպիսին Մեծ Բրիտանիային է, Իսրայելինը, ԱՄՆ-ինը…

 

Արթուր Հովհաննիսյան