Ի՞նչ արդյունք ստացանք, երբ Փաշինյանը գնաց Փարիզ․ եթե արդյունք լիներ, հիմա թմբկահարել էին. Արման Աբովյան

Ֆրանսիայի հայ համայնքի տեղեկություններով՝ պաշտոնական Փարիզը Հայաստանի իշխանություններին առաջարկել է երկրի ղեկավարի այցը կազմակերպել աշնանը, սակայն հայկական կողմը պնդել է, որ այն կայանա հիմա։ Ենթադրում եմ, որ պատճառը նախընտրական թոհուբոհն է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Չեմ հասկանում՝ ի՞նչ շոշափելի արդյունք ստացանք, երբ Փաշինյանը գնաց Փարիզ, եթե արդյունքներ լինեին, հիմա թմբկահարել էին: Այս իրավիճակում չպետք է սևեռվել Ֆրանսիա կամ Բելգիա գնալու վրա, Ադրբեջանի զորքը ՀՀ-տարածքում է, մեր գերիներն Ադրբեջանում են, ունեցանք 6 նոր գերի։ Իշխանությունն այս խնդիրների վրա պետք է կենտրոնանա, ոչ թե փիառ քայլեր անի»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին՝ Աբովյանն ասաց, որ մինչև հայկական կողմն իր դիրքորոշումը չհստակեցնի, ոչինչ չի կարող փոխվել.

«Ասում են՝ մենք չենք ուզում պատերազմ, բայց պատերազմը բերեցիք Հայաստան, ինչքան դուք չեք ուզում պատերազմ, այդքան պատերազմը մոտենում է: Իրավիճակը սահմանում շատ անկանխատեսելի է, այն, ինչ կատարվում է Հայաստանում ոչ թե մտահոգիչ է, այլ՝ կատաստրոֆիկ։ Այս ֆոնին ամպագոռգոռ հայտարարությունները ոչ միայն չեն թոթափում լարվածությունն, այլ ավելի գեներացնում են: Թուրքը մտել է մեր տարածք, ի՞նչ ենք անում, սա՛ է հարցը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը սահմանից պետք է հայելային ձևով հետ քաշվեն, պատգամավորն ասաց.

«Եթե մենք հայելային կերպով հետ ենք քաշվում, մենք հավասարեցվում ենք ադրբեջանցիների հետ, այնինչ իրենք են մեր տարածք ներխուժել: Ինչո՞ւ ենք մեր դիվանագիտական հարաբերությունները վարում ագրեսորի հետ հավասարեցվելով»: