Սահմանները պետք է ամբողջությամբ պաշտպանված լինեն և պահպանվի Իրանի հետ Հայաստանի սահմանը․ Մոջթաբա Զոլնուրի

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին  քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ  պարզ, հստակ և որոշիչ է՝ «դա մեզ համար անընդունելի է»։ Այս մասին գրում է Սպուտնիկ Իրանը։

Զոլնուրին ասել է․ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք  ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված և պետք է  պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:

Նա նշում է, որ երկու երկրներին էլ իրավունք ունեն պաշտպանել իրենց տարածքային ամբողջականությունը։

«Մենք սատարում ենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային  ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում: Մենք երկու  երկրների հետ հարևաններ ենք, և ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,- ասել է Զոլնուրին։