Ադրբեջանում սրվում են hակառուսական տրամադրությունները

Այս օրերին Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է հարկային և աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը պատերազմի վետերաններին 400 մանաթի չափով ամսական եկամտահարկից ազատում է նախատեսում, ինչպես նաև՝  առնվազն 46 օրացուցային օրով արձակուրդի տրամադրում: Դա, իհարկե, ոգևորություն է առաջացրել ադրբեջանական հասարակության որոշ շրջանակներում, բայց կան նաև շատ հիասթափեցնող լուրեր: Այս մասին գրում է News.am-ը։

Օրինակ, Թարթառ շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մ. Մամեդովը պահանջել է, որպեսզի այն բնակիչները, ում տները վնասվել են պատերազմի արդյունքում, շրջանի գործադիր իշխանությանը վերադարձնեն պետության կողմից տրամադրված վնասի փոխհատուցման գումարի 25 տոկոսը, ինչի արդյունքում քաղաքացիների եւ գործադիր իշխանության միջև լարվածություն է առաջացել:

Ադրբեջանի որոշ քաղաքներում՝ Բաքվում, Նարդարանում, Գուսարում, Սաաթլիում, Թովուզում, զանգվածային հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնց ընթացքում այդ թվում նաև հակառուսական կարգախոսներ են հնչեցվում:

Հատկանշական է, որ հակառուսական քարոզչության հիմքում ընկած է Ադրբեջանի դեմ ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի օգտագործումը:

Այդ քարոզչությունը, իհարկե, ձեռնտու է նաև իշխանություններին, քանի որ այդպիսով Բաքուն փորձում է կասկածի տակ դնել Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը, քանի որ դա ձեռնտու չէ թուրք-ադրբեջանական տանդեմին: Միգուցե առաջիկայում այդ տանդեմը շարունակի իր քաղաքականությունը՝ աշխարհին ցույց տալով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության «մութ կողմերը»:

Նշենք, որ վերոհիշյալ քաղաքներում և շրջաններում հիմնականում բնակվում են ազգային փոքրամասնությունները (թալիշներ, թաթեր, լեզգիներ), ում որդիները ժամկետային ծառայության առաջնագծում էին, և պատերազմի ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը հենց այդ ժողովուրդների ներկայացուցիչներն էին:

Ուստի չի բացառվում նաև, որ հակակառավարական բողոքի ակցիաները կազմակերպվում են այդ համայնքերի ներկայացուցիչների կողմից, իսկ որոշ ուժեր, օգտվելով առիթից, դրանց հակառուսական ուղղվածություն են տալիս: