Սյունեցիներին զինաթափում են՝ թշնամու առաջ թողնելով անզեն․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ «Սյունիքի մարզում այսօր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի 7-րդ նիստը, որի օրակարգում է եղել Սյունիքի սահմանամերձ բնակիչներից զենք-զինամթերքի հավաքումը: Տարակուսելի է, որ իշխանությունները որոշել են հիմա զինաթափել սյունեցիներին, երբ մի կողմից Ալիևը Զանգեզուրն անվանում է «Ադրբեջանի հինավուրց հող» և սպառնում, որ ներկայումս «ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված»: Իսկ մյուս կողմից՝ Սյունիքի ընդարձակված սահմանի պաշտպանությամբ ոչ միայն կանոնավոր բանակն է զբաղվում:

Հատկանշական է, որ զինաթափման հարցն առաջ եկավ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից և սյունեցիների աննախադեպ «հյուրընկալությունից» հետո, վարչապետը թերևս որոշել է սյունեցիներին պատասխանել նույն քայլով՝ նրանց թշնամու դիմաց թողնելով անզեն:

Ուշագրավ է, որ մարզպետն էլ՝ Փաշինյանի ճաշակով, զինված սյունեցիներին ներկայացնում է իբրեւ խուլիգաններ և հարբեցողներ. «Դեկտեմբերից մարդիկ զենքեր են ստացել և չեն հանձնել: Երբեմն նրանք նաև կրակում են այդ զենքերից, խմիչքին մոտ մարդիկ կան, կրակում են՝ մարդկանց գցելով խուճապի մեջ: Կան մարդիկ, որ միշտ ուզում են լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է, ուստի զենքերը պետք է հավաքվի: Ստեղծել եմ հանձնաժողով՝ ոստիկանության հետ համատեղ, որպեսզի այդ զենքերը հավաքենք»,-ասել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում