Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատմեց, թե ինչ են խոսել պատերազմի օրերին Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ
Պարզ տրամաբանություն է, որ եթե սահմանները բացենք, ապա դա որևիցե տնտեսական շահույթ չի ունենա: Մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկրում ինչ է տեղի ունեցել:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում են, որ կոմունիստների ժամանակ էլ խնդիրներ են եղել նրանց հետ, դա արդեն մեր գենետիկ կոդում է գրված, նրանք մեր թշնամիներն են և նրանք միլիոնավոր հայերի կյանք են խլել, ինչպե՞ս կարող ենք նրանց հետ հարաբերություններ ունենալ»,- ասաց Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Գորիսի քաղաքապետը նշեց՝ չի բացառում, որ համայնքապետերին հիմա ձերբակալում են Սյունիքի ինքնապաշտպանության հետ կապված: Ըստ նրա՝ սա հատուկ նպատակ ունի:
Առուշանյանը խոսեց նաև Փաշինյանի հետ վերջին հանդիպումից, որը, ըստ նրա, եղել է պատերազմի ժամանակ:
«Հանիպմանը, երբ ասեցին՝ պետք է անցնենք Սյունիքի ինքնապաշտպանությանը, վարչապետը ասաց՝ պատերազմը 140 կիլոմետր այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն: Ինչ հնարավոր է եղել, արյունով պահել ենք: Ստորագրությամբ տարածք հանձնողի հետ ինչ կարելի է խոսել, ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ շփման եզրեր եմ ուզում ունենալ»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ դատարանը քննում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը: Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։
Նշենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 19 անձի:

