Դիվանագիտությունը սիրում է լռություն. ԱԳ նախարարը լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն ընթերցել է հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ պատրաստել էր 3 կետից բաղկացած հայտարարություն, որն ընթերցեց և լրագրողներին խնդրեց՝ չաղավաղել իր խոսքը:
Նա նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է․ լինելով ապաքաղաքական կառույց՝ այն ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և այս կառույցը հեղինակազրկելու և ներքաղաքական շահարկումների մեջ ներքաշելու ցանկացած փորձ հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողություններից հետո ողջ ծանրությունը տեղափոխվում է դիվանագիտության վրա:
«Մենք բոլորս խոնարհվում ենք մեր երկրի օրգանական, անքակտելի մաս կազմող մեր բանակի առջև, որը հերոսաբար դիմակայեց երեք թշնամու՝ Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմում: Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որն այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես զինվորները Արցախում, հայ դիվանագիտությունն էլ եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում, հատկապես այսօր մեր պարտքն ենք համարում անել հնարավորն ու անհնարը՝ իմաստավորելու մեր որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը»,- նշեց նա:
Իսկ երրորդ կետը, որն ընթերցեց Այվազյանը, հետևյալն էր. «Ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին հստակ բարձրաձայնել եմ. հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հարցերի լիարժեք լուծման համար, դիվանագիտությունը սիրում է լռություն, ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը կկատարի իր աշխատանքը լուռ, իսկ այդ աշխատանքի արդյունքները ավելի խոսուն կլինեն, քան մեկնաբանությունը»:
Ապա` նորանշանակ նախարարը խնդրեց հավատալ և վստահել դիվանագիտությանը, քանի որ, նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ այն կարող է երկիրը դուրս բերել անելանելի վիճակներից:
Ճշտող հարցին՝ սրբագրո՞ւմ է իր այն հայտարարությունը, որ նախօրեին էր արել, թե դիվանագիտությունը չի պարտվել, պարտվել է բանակը, նա արձագանքեց. «Չաղավաղել իմ խոսքերը, ամբողջությամբ տալ իմ հայտարարությունը, մենք պայմանավորվել ենք, որ միայն հայտարարություն եմ անում, բոլոր հարցերին կտրվի աշխատանքով պատասխան»:

